երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանում վարկերի տոկոսադրույքները նվազում են, իսկ ավանդների տոկոսադրույքներն՝ աճում

Հայաստանում վարկերի տոկոսադրույքները նվազում են, իսկ ավանդների տոկոսադրույքներն՝ աճում

ՀՀ կենտրոնական բանկը նախկին 4.5 տոկոսի փոխարեն արդեն կանխատեսում է 5 տոկոս երկարաժամկետ տնտեսական աճ: Այս մասին այսօր  տեղի ունեցած ասուլիսում  ասաց  ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը՝ հավելով, որ երկարաժամկետ տնտեսական աճի վերագնահատում են արել:

Ըստ նրա, տնտեսական աճը հիմնականում տեղի է ունենում արտադրողականության աճի հաշվին:

Վահագն Գրիգորյանը նշեց, որ ԿԲ-ն հաշվի առնելով սեպտեմբերի ցուցանիշները, ակնկալում է, որ այս տարի ՀՆԱ-ի աճը կկազմի 6.9 տոկոս:  «Հոկտեմբեր ամսվա ցուցանիշներով էլ, մենք գտնում ենք, որ այդ աճի տեմպը կպահպանվի, նույնիսկ հնարավոր է, որ 6.9 տոկոսից ավելի բարձր՝ 7 կամ  7.1 տոկոս ցուցանիշ ունենանք»,- ընդգծեց նա։

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն էլ անդրադառնալով վարկերին՝ նշեց, որ  տրամադրված սպառողական, հիփոթեքային և այլ տեսակի վարկերն աճել են:

«Այս տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ունեցել ենք տրամադրված վարկերի էական աճ, ինչը խոսում է ֆինանսական միջնորդության խորացման մասին»,- ասաց նա։

Անդրանիկ Գրիգորյանը  միաժամանակ նշեց, որ վերջին 12-13 տարիների ընթացքում Հայաստանում վարկերի տոկոսադրույքները կայուն, դինամիկ նվազում են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ աճում:

Վարչության պետը նաև ասաց, որ ֆինանսական միջնորդության աճին զուգահեռ նկատվել է չաշխատող ակտիվների կառավարելի մակարդակ: «Առաջին կիսամյակի դրությամբ բանկերի կողմից տրամադրված վարկերում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը տատանվել է 5-5,1%-ի շուրջ, որը բավականին ցածր է տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանին տնտեսապես նման երկրների ցուցանիշների համեմատությամբ»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: