հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է, արտաքինը՝ նվազել

Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է, արտաքինը՝ նվազել

Հայաստանի ներքին զբոսաշրջության ցուցանիշներն այս տարի աճել են, իսկ միջազգային զբոսաշրջության ցուցանիշները՝ նվազել։ Ներքին զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 54.2 տոկոս աճ է գրանցվել։ Ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 216 130՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 140 158-ի փոխարեն։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ միջազգային զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներն այս տարվա առաջին կիսամյակում նվազել են 22․2 տոկոսով։ Այս տարվա առաջին կիսամյակում արտերկրից Հայաստան է ժամանել 239 263 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 307 590-ի փոխարեն։ Նշենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը ձևավորվել է միայն հունվար-մարտ ժամանակաշրջանի տվյալներով: 2020թ. ապրիլ-հունիս ժամանակաշրջանում, ըստ ՀՀ կառավարության որոշման, արտագնազբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել:

Այս տարի աճել է ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների թիվը, նվազել՝ ԵՄ անդամ երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 52.5 տոկոսն այս տարի եղել են ԱՊՀ երկրներից, 10․5 տոկոսը՝ ԵՄ երկրներից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրներից այցելածների համամասնությունը կազմել էր 17.3 տոկոս, իսկ ԱՊՀ անդամ երկրներից՝ 45.2 տոկոս։ Մնացածն այլ երկրներից այցելություններն են կազմել։ Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունն այս տարի ավելի քան կրկնակի աճել են։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Իրանից այցերի համամասնությունը կազմել էր 6․6 տոկոս, ապա այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 13․4 տոկոս։

  • Կիսվել: