չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը

Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությանը:

Հայաստանը այդ կոնվենցիային միացել է 2006-ի հունիսի 9-ին:

2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվեց e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։

Արձանագրությանը միացել են 34 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Թուրքիան, Թուրքմենիստանը, Իսպանիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Կիրգիզիան, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան, Մոլդովան, Նորվեգիան, Շվեդիան, Շվեցարիան, Չեխիայի Հանրապետությունը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սլովակիան, Սլովենիան, Տաջիկստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Օմանը, Ֆրանսիան, Ֆինլանդիան։

Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը(e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների էֆեկտիվության և մրցակցության բարձրացմանը։

Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը։

Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին։

  • Կիսվել: