շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանում գրանցված է 26615 ինքնակամ կառույց. պաշտոնյա

Հայաստանում գրանցված է 26615 ինքնակամ կառույց. պաշտոնյա

Հայաստանում գրանցված է 26615 ինքնակամ կառույց, որից 16264-ը՝ Երեւանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչության պետ Գեւորգ Մանուկյանը։ Նա պարզաբանեց, որ խոսքն ավտոտնակների, բնակելի շենքերի եւ արտադրական շինությունների մասին է։

Մանուկյանը հայտնեց, որ Երեւանում ինքնակամ կառույցների գրանցումն ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ին։ Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց ավելի ակտիվ պլանավորել գործընթացը, քանի որ քաղաքներում շինությունների գրանցման ժամկետը սահմանված է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղերում՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

«Դա թույլ կտա խուսափել հերթերից եւ գեոդեզիստների ծառայությունների գների աճից»,-պարզաբանեց պաշտոնյան։  

Մանուկյանը նշեց, որ ամենապասիվ մարզերը Վայոց ձորն ու Տավուշն են՝ 200-350 գրանցված ինքնակամ կառույց ամբողջ 2022 թվականին։ «Ամենաակտիվ մարզերից մեկը Կոտայքի մարզն է (ավելի քան 3200 գրանցված ինքնակամ կառույց), սակայն գրանցման ընթացիկ տեմպերը ողջ երկրում դեռեւս շատ ցածր է»,-նշեց նա։

Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը չբացառեց, որ կարող են ընդունվել նորմատիվ-իրավական ակտեր ինքնակամ կառույցների օրինականացման համար, սակայն առանց նախնական գրանցման օրինականացումը հնարավոր չի լինի:

Նշենք, որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց եւ դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով: Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաեւ մինչեւ օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաեւ այն դեպքերում, երբ մինչեւ կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց: 

  • Կիսվել: