հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է ավելի քան 1,8 մլն մարդ․ Խարազյան

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է ավելի քան 1,8 մլն մարդ․ Խարազյան

1 միլիոն 815 հազար անձ ունենք ապահովագրված այս պահի դրությամբ: Կառավարության նիստին անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանը՝ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը:

«Մեր ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունը առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է համապատասխան փոխհատուցում այն բժշկական կազմակերպություններին կամ դեղատներին, որտեղ տվյալ անձինք ստացել են համապատասխան ծառայություն կամ դեղորայք:

Ընդհանուր առմամբ, մեր բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականը 150 մլրդ-ից ավելի է կազմում այս պահի դրությամբ, որը որ ամբողջությամբ, ներառյալ նաև օգոստոս ամսվա ներկայացված կատարողականները, ամբողջությամբ փոխհատուցվել են»,- նշեց Խարազյանը:

«Հունվարի 1-ից մինչ օրս շրջանառությունը, այսինքն՝ ծառայությունների դիմաց վճարման համախառն ծավալը, շուրջ 150 մլրդ է եղել, շահառուների թիվը՝ 1.8 մլն մոտավորապես, որոնցից կեսն օգտվել է առողջապահական ծառայություններից, որոնց ծածկույթը երաշխավորված է հիմնադրամով: Սա նշանակում է, որ մենք տարեվերջին կունենանք մոտավորապես մինչև 200 մլրդ հաշիվներ՝ մարման ենթակա»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Միգուցե մի փոքր ավելի, որովհետև սեզոնայնությամբ պայմանավորված՝ սովորաբար մեր դիտարկումներն ու տարիների վիճակագրությունը ցույց են տալիս, որ աշնան շրջանում, պայմանավորված քրոնիկ հիվանդությունների սրացումներով և այդ բարդությունների առաջացմամբ, կարող է [այդ թիվն] ավելանալ, բայց դա կառավարման շրջանակներում է, այսինքն՝ ընդհանուր առմամբ ապահովագրության հիմնադրամի բյուջեի շրջանակներում ծախսերը կառավարելի են»,- ընդգծեց առողջապահության փոխնախարարը:

  • Կիսվել: