կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն արդեն իսկ ապացուցել է՝ ունի ընկերություններ, որոնք աշխարհի տեխնոլոգիական համայնքում կարևորագույն դերակատարում են ստանձնել․ Մխիթար Հայրապետյան

Հայաստանն արդեն իսկ ապացուցել է՝ ունի ընկերություններ, որոնք աշխարհի տեխնոլոգիական համայնքում կարևորագույն դերակատարում են ստանձնել․ Մխիթար Հայրապետյան

Փետրվարի 2-ին մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 23-րդ համագումարը։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը և արտադրությունը կարող են հիմք հանդիսանալ զարգացող և զարգացած պետությունների տնտեսության աճի համար։

 

Մխիթար Հայրապետյանը համոզմունք է հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայունացման և զարգացման, միջազգային շուկաներում մրցունակության բարձրացման, ինչպես նաև առաջատար պաշտպանական համակարգերի ապահովման կարևորագույն գործոն։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանը տնտեսության ծավալներով չի համարվում մեծ երկիր, այնուամենայնիվ, հավելյալ գիտական և տեխնոլոգիական արժեք ապահովող այս ուղղությամբ Հայաստանը կարող է հավակնել դառնալու կարևորագույն տեխնոլոգիական կենտրոններից մեկն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։

«Վստահ եմ, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներուժի համակողմանի ներգրավմամբ և համադրմամբ հնարավոր է հասնել այս նպատակին, որովհետև Հայաստանը արդեն իսկ ապացուցել է, որ ունի ընկերություններ, որոնք այսօր արդեն աշխարհի տեխնոլոգիական համայնքում կարևորագույն դերակատարում են ստանձնել։ Չնայած սրան, պետք է արձանագրենք, որ մենք կարևորագույն և երկարատև ճանապարհի միայն սկզբում ենք գտնվում և բարձր տեխնոլոգիական ոլորտում դեռևս շատ անելիքներ ունենք։ Բայց արդեն այսօր՝ լինի արհեստական բանականության, թե՛ ճարտարագիտության, թե՛ տեղեկատվական գիտությունների ոլորտում, մեծ քայլեր արվել են։ Այս ամենի առանցքում կան և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս ընկերություններ և կազմակերպություններ, որոնք մեծ ներդրում են ունեցել, որոնց թվում է նաև ԱՏՁՄ-ն, որն արժանի է գնահատանքի։ Դուք մեր կարևորագույն գործընկերներից և հենարաններից մեկն եք, միևնույն ժամանակ, մենք ևս հավակնում ենք լինել ձեր հենարանը և ապավենը գործադիր իշխանությունում։ Մենք պետք է ձևակերպենք մեր երազանքը, որը վերաբերում է այն ռազմավարական լուծումներին, որոնք այսօր տեսնում ենք․ առանց համայնքի յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածության, ակտիվ գործակցության չենք պատկերացնում այս աշխատանքի արդյունավետ կազմակերպումը»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը՝ կոչ անելով ակտիվորեն համագործակցել։

Բացման ելույթներով հանդես են եկել նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

Միջոցառմանը մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: