երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի կոնյակի գործարանը դարձել է ՀՀ-ում 1-ին լիազորված տնտեսական օպերատորը

Երևանի կոնյակի գործարանը դարձել է ՀՀ-ում 1-ին լիազորված տնտեսական օպերատորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։

 Միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ։

ՊԵԿ նախագահը, շնորհավորելով ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին, նշել է, որ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակն ունեցող ընկերությունները մաքսային պարզեցված ընթացակարգերից օգտվելու արդյունքում, ներմուծում-արտահանումները կիրականացնեն պարզեցված եղանակով՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ։ ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ մյուս հարկ վճարողները ևս կանցնեն այս ճանապարհով՝ գիտակցելով ու կարևորելով օրինապահ հարկ վճարող լինելը։

 «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին՝ Պետական եկամուտների կոմիտե-Հայաստանի Հանրապետություն-գործարար համայնք գործընթացներում շարունակական բարեփոխումների համար։

 Հիշեցնենք, որ լիազորված օպերատորի կարգավիճակ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչների և պահանջների:

  • Կիսվել: