«Հայ և հնդիկ գործարարները համագործակցության լուրջ ներուժ ունեն»․ Ներսես Կարամանուկյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հնդկաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործարարների պատվիրակության՝ հուլիսի 8-ին Երևանում կայացած գործարար հանդիպումը նպատակամիտված էր երկուստեք տնտեսական կապերի ակտիվացմանը։ Ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային դաշտը՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես նշեց, որ Հնդկաստանի հետ համագործակցություն կարելի է զարգացնել զբասաշրջության, առողջապահության, տեքստիլի, սննդարդյունաբերության և շատ այլ ոլորտներում։ Որպես օրինակ նա մասնավորեցրեց ջրերի ֆիլտրացման հնդկական արդիական տեխնոլոգիաները, այն դեպքում, երբ Հայաստանում ջրերի մաքրման առումով խնդիրներ են առկա։
Հնդկական առևտրի պալատի (ICC) Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ, մի քանի մարզերում ՀՀ պատվավոր հյուպատոս և պատվիրակության ղեկավար Շիվկումար Էաշվարանը, ներկայացնելով իրենց կառույցը, նշեց, որ Հնդկաստանի առևտրի պալատը 100 տարեկան է և մեծ վարկանիշ ունի։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունը առևտրի 4 սյուն է ճանաչում, որոնց թվում առաջինը Պալատն է։ «Բնականաբար՝ ակտիվ փոխգործակցություն ապահովելու համար նախ հարկավոր է տեղեկատվական լիարժեք դաշտ ստեղծել, պարբերական հանդիպումներ, ցուցահանդեսներ և գործարար համաժողովներ կազմակերպել։ Փոխադարձ ճանաչողությունը բացում է բիզնեսի ճանապարհը։ Դա մեկնարկային քայլ է։ Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնելու»,-նշեց պատվիրակության ղեկավարը։։
Մի քանի շնորհանդեսներով ներկայացվեցին Հնդկաստանի նվաճումները արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, ինովացիոն տեխնոլոգիաների, տեքստիլի և այլ ոլորտներում։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և Հնդկաստանի առևտրի պալատի Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ Շիվկումար Էաշվարան ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հանդիպումը եզրափակվեց հայ և հնդիկ գործարարների միջև անմիջական գործարար բանակցություններով։