հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ սահմանվել են ժամկետներ. ՊԵԿ

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ սահմանվել են ժամկետներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։

ՊԵԿ–ից հայտնում են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։ Սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։ 2025թ. նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։ Իսկ 2026թ. հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները:

Ի դեպ, չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը:

  • Կիսվել: