երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում

Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում

Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին հրավիրված էին մասնակցելու նաև 44-օրյա պատերազմին մասնակցած, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ձեռք բերած երիտասարդներ:
 
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022թ. տարեկան ծրագրի կատարումն ապահովող Լոռու մարզում ծրագրված միջոցառումները:
 
Նա հաշմանդամություն ձեռք բերած անձանց նախ տեղեկացրել է, որ Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկավերականգնողական կենտրոնը գործում է, բաժանմունքում ստեղծված են ժամանակակից բուժսարքավորումներով անհրաժեշտ պայմաններ և ցանկության դեպքում կարող են դիմել բժշկական կենտրոն՝ իրավունք ստանալու օգտվել առաջարկվող հնարավորությունից:
 
Վ. Ջաղինյանը հայտնել է, որ հաշմանդամ զինվորականների իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիր է մեկնարկում՝ կրթություն ստանալու, հմտությունների զարգացման, սոցիալական կարիքների գնահատման, օժանդակության կամ մենթորության հնարավորությամբ: Նա հորդորել է լինել ակտիվ, ինքնազբաղվածության համար ներկայացնել առաջարկություններ:
 
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին տեղեկացրել է, որ Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար՝ կոմունալ հատուկ հարմարությունների կառուցման, հոգեբանական, սոցիալական աջակցության, ՏՏ կամ այլ ոլորտներում մասնագիտանալու համար: Ծրագրի նպատակն է օգնել առողջական խնդիրեր ունեցող պատերազմի մասնակիցներին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք կյանք վերադառնալ:
 
Պետության աջակցությամբ իրականացվող, ոլորտում իրենց հաջողված աշխատանքային փորձի մասին են խոսել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Լիարժեք կյանք», «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
 
Հանձնաժողովի անդամները նշել են, որ շատ դեպքերում հաշմանդամություն ձեռք բերած անձինք չգիտեն իրենց իրավունքների և այս ոլորտում պետության ընձեռած հնարավորությունների մասին՝ կոչ անելով ակտիվորեն համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և ՀԿ սեկտորի հետ՝ տիրապետելու առկա տեղեկատվությանը, օգտվելու ընձեռվող հնարավորություններից և հեշտությամբ ինտեգրվելու միջավայրին:

  • Կիսվել: