հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման վերաբերյալ

Հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով:

Իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողն անձնական էջ մուտք չգործելու դեպքում, այն իրականացվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը կիրազեկվի հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով: Խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին:

Մասնավորապես, հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր):

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին իրազեկում է, որ 2021թ. հուլիսի 23-ից գործարկվել է Օրենսգրքով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով ծանուցման մեխանիզմը:

ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից իրականացվող չվճարված հարկային պարտավորությունների գանձման և հարկ վճարողի գույքի արգելանքի կիրառման վարչական վարույթների ծանուցումներն իրականացվում են Օրենսգրքի պահանջներից ելնելով՝ էլեկտրոնային եղանակով։ Ուստի, վարչական վարույթների բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու և վարչական վարույթների վերաբերյալ հարկ վճարողների տեղեկացված լինելու նպատակով, կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պարբերաբար հետևել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջերին։

  • Կիսվել: