Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը որպես Հայաստանի զարգացում չեմ դիտարկում. Էրիկ Գրիգորյան
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, երբ զեկուցողը Շրջակա միջավայրի նախարարն էր, առանց Ամուլսարի մասին հարցի չանցավ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հետաքրքրվեց, թե վերջինս Ամուլսարի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի:
«Տևական ժամանակ է հասարակությանը հուզում է Ամուլսարի հանքի շահագործման կամ չշահագործման խնդիրը, որևէ անգամ հանրությունը ակնաջալուր չի եղել ձեր դիրքորոշմանը, լինելով շրջակա միջավայրի թիվ մեկ պատասխանատուն պետք է հնչեցնեք ձեր կարծիքը և ոչ թե դիվանագիտորեն խոսեք, ասեք կողմ եք, թե դեմ հանքի շահագործմանը»,- նախարարից հետաքրքրվեց պատգամավորը:
Էրիկ Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ հարցին կպատասխանի որպես և նախարար, և քաղաքացի: Որպես քաղաքացի Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր. «Իմ անձնական կարծիքով, հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը երկարաժամկետ որպես Հայաստանի զարգացում չեմ դիտարկում, կարծում եմ՝ այլ զարգացման մեծ հնարավորություններ կան, ներառյալ` կենսառեսուրսների կայուն օգտագործումը, ինչպես` էկոտուրիզմ, անտառներ, նաև տեղեկատվական ոլորտը պետք է առաջնայինը լինի»:
Գրիգորյանը հարցին պատասխանեց նաև որպես նախարար. «ՀՀ-ն որոշակի փուլերում թույլտվություններ ու լիցենզիաներ է տվել այդ կազմակերպությանը, կան որոշ մտահոգություններ նաև եզրակացություններ տրված ELARD և ակադեմիայի ինստիտուտների, ինչպես նաև այլ լիազոր մարմիների կողմից: Իմ անձնական կարծիքն արդեն նշեցի, ու դա չեմ սահմանափակում միայն այս հանքի հետ կապված»: