Գյուղատնտեսությունը մյուս ոլորտների համեմատ շարունակում է ցածր արտադրողականություն ունենալ. նախարար
2019 թվականին տնտեսության միակ ոլորտը, որտեղ ունեինք տնտեսական ակտիվության նվազում, գյուղատնտեսությունն էր: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ գյուղոլորտում արձանագրվել է մոտ 4 տոկոս նվազում՝ 2018-ի համեմատ, ընդ որում նվազումն արձանագրվել է թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում:
Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ոլորտների համեմատ շարունակում է ցածր արտադրողականություն ունենալ, պետությունն արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ շարունակում է խթանող քաղաքականությունը:
«Գյուղատնտեսությունը տնտեսության այն ոլորտն է, որտեղ այսօր ունենք դեռևս ամենաընդգծված ձևով տարբերվող ցածր արտադրողականություն՝ տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ։ Բնականաբար, կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և այն միջոցառումները, որոնք ֆինանսավորվել են պետական բյուջեով, իրենց հիմքում ունեն քաղաքական այն նպատակը, որ տնտեսությունները ֆինանսական միջոցների ներգրավումը օգտագործեն արտադրողականությունը բարձրացնելու, արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով»,- ընդգծեց նա։
Նախարարի խոսքով, մնացած ծրագրերը ևս ուղղված են գյուղոլորտի արդյունավետության բարձրացմանը։