չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից. փաստաբանի պարզաբանումը

Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից. փաստաբանի պարզաբանումը

Փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից:

«Այս ամբողջ ընթացքում (2019 թվականից ի վեր - խմբ.) 10 և ավելի ՄՌՏ հետազոտություն է անցել Գագիկ Խաչատրյանը` հենց ՀՀ քննչական կոմիտեի պահանջով։ Խնդիրներից ելնելով` Գագիկ Խաչատրյանի այդ հետազոտությունները պետք է իրականացվեն նարկոզով, իսկ դրանից հետո վիճակի որոշակի վատացում է լինում։ Ամեն անգամ, երբ հետազոտության պատասխանը ստանում էինք, ասում էին` փորձաքննությունը երկար է տևել, պետք է հիմա առկա վիճակը ստուգել։ Մի քանի անգամ այդպես եղավ, ես արդեն խորհուրդ էի տալիս, որ այլևս չանցնի այդ հետազոտությունները, բայց նա համաձայնում էր կրկին ստուգվել։ Վերջին անգամ, երբ ասացինք, որ այլևս չի հետազոտվելու, որոշեցին, որ «Հերացի» ԲԿ ու «Աստղիկ» ԲԿ է պետք գնալ»:

Իր հերթին փաստաբան Արա Ղազարյանը հավելեց. «Մենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան 2019 և 2024 թվականներին ներկայացրել ենք գանգատներ։ Դրանցից մեկը վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով, իսկ մյուսը` կյանքի իրավունքի հետ կապված է, քանի որ 2024 թվականից սկսած առողջական վիճակը գնալով վատթարանում է։ ՄԻԵԴ–ը շատ արագ դրանց արձագանքել էր։ Հիմա մենք 3-րդ գանգատ ենք ներկայացրել` հրատապ միջոց կիրառելու համար։ Մոտ 1 ժամ առաջ էլ ներկայացրինք արդեն 4-րդ գանգատը»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է, նրան տեղափովել են Երևան-Կենտրոն ՔԿՀ (ԱԱԾ մեկուսարան):

Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

  • Կիսվել: