Զելենսկին Ուկրաինայի խնդիրների համար մեղադրում է Թրամփին. Մենդել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին ավելի են բարդացնում Ուկրաինայի դրությունը։ Այս կարծիքն է հայտնել Ուկրաինայի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը՝ X սոցիալական ցանցում։
Մենդելի խոսքով՝ արդեն մի քանի շաբաթ է՝ Զելենսկին լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս, որոնցում Ուկրաինայի բոլոր խնդիրների համար մեղադրում է Թրամփին։ Նախօրեին նա ևս մեկ հարցազրույց է տվել՝ հայտարարելով, թե Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի, և նրա պատճառով երկիրը պարտվում է, գրում է Մենդելը։
«Միևնույն ժամանակ, Մարկո Ռուբիոն և ամերիկացի այլ քաղաքական գործիչներ բազմիցս նշել են, որ Զելենսկին իր հրապարակային հայտարարություններում ստում է։ Այսօր հայտնի դարձավ նաև, որ ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինային Patriot հրթիռների մատակարարումը, որոնց համար արդեն վճարվել է։ Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ Ուկրաինան ղեկավարում է մի մարդ, որը չի հասկանում իր գործողությունների հետևանքները։ Իսկ դրա գինը ուկրաինական արյան գետերն են»,- կարծում է Մենդելը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի նախկին մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է կենտրոնանա հակամարտության ավարտի վրա, այլ ոչ թե եվրոպացի գործընկերներից նոր ֆինանսական օգնություն խնդրի։



