Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կանցկացվի Երեւանում՝ սեպտեմբերի 11-13-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ Զբոսաշրջություն) միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի նոյեմբերին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին շնորհվել է 2024-ին Կազմակերպության Գինու զբոսաշրջության հաջորդ՝ 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու հերթափոխը։ Համաժողովը Հայաստանում հյուրընկալելու հայտը Կազմակերպություն է ներկայացվել դեռևս 2022 թվականին։
Համաժողովը նախատեսվում է կազմակերպել 2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը։
Համաժողովին նախատեսվում է ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի և մոտ 10 ներկայացուցիչների, Կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, գինու զբոսաշրջության ոլորտի մասնագետների, դոնոր կազմակերպությունների, միջազգային և տեղական խոսնակների ու բանախոսների, միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների և ինֆլուենսերների, պետական, մասնավոր և այլ շահագրգիռ կողմերի մասնակցություն:
Համաժոովի՝ Հայաստանում կազմակերպումն էապես կնպաստի՝
Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ումիջազգային հարթակում որպես գինու զբոսաշրջության ուղղություն դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը, առկա մարտահրավերներին, նոր զարգացումներին և միտումներին ծանոթանալոն,
Հայաստանի՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվելուն՝ լրատվամիջոցներին, ինֆլուենսերներին, այցելուներին և տեղացիներին հաղորդակցության և խթանման գործընթացում որպես «դեսպան» ներգրավելու միջոցով,
ՄԱԿ Զբոսաշրջության անդամ պետությունների հետ գինու զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված առկա ծրագրերի, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների քննարկմանը,
ՄԱԿ Զբոսաշրջության հետ համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ առաջիկա տարիներին կազմակերպության գործունեությանը մասնակցության ապահովմանը՝ որպես ՄԱԿ Զբոսաշրջության գործադիր խորհրդի անդամ, ինչպես նաև Կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին ակտիվ մասնակցությանը,
Կազմակերպության հետ համատեղ նոր միջոցառումների կազմակերպմանը։