երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Գևորգ Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր

Գևորգ Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Այցի շրջանակում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։
 
Հայաստան–Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։
 
 
«Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ, և այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն է համադրելու մեր ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշել է Գևորգ Պապոյանը։
 
Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր։
 
Երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով շարունակական երկխոսության կարևորությունը։

  • Կիսվել: