կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերմանիան ՀՀ-ին 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, որը կուղղվի էներգետիկայի ոլորտ. նախագիծ

Գերմանիան ՀՀ-ին 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, որը կուղղվի էներգետիկայի ոլորտ. նախագիծ

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի չափով արտոնյալ վարկ: ««ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծն Ազգային ժողովի՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակով պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը՝ նշելով, որ վարկը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը:

«Նախաձեռնությունը վերաբերում է մասնավոր հատվածին, այսինքն՝ տրվող գումարները հոսելու են մասնավոր հատված՝ ներդրումներ կատարելով վերականգնվող էներգետիկայի մի քանի ոլորտում: Դրանք կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք կկառուցեն արևային կայաններ, կամ ֆիզիկական անձինք, որոնք կկառուցեն փոքր ինքնավար կայաններ իրենց կարիքները հոգալու համար»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ վարկի մարման ժամկետը 2030 թվականն է:

Ռաֆայել Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ Գերմանիան Հայաստանին այս վարկը տալիս է ոչ թե շուկայական, այլ արտոնյալ պայմաններով: Տոկոսադրույքն արտացոլված չէ համաձայնագրում, բայց, ըստ զեկուցողի, խոսքը 0,9 տոկոսային կետով վարկային պարտավորության մասին է:

«Համեմատության համար նշեմ, որ երբ ԱՄՆ-ը պարտք է ներգրավում, մոտ է 4-5 տոկոսին, այս վարկային միջոցը 1 տոկոսի սահմաններում է:

Գումարը սահմանափակ է՝ 12 միլիոն, սակայն սա ի պատասխան այն երևույթի է, երբ Հայաստանը ներառվեց Գերմանիայի արտաքին քաղաքականության «BMZ-2030» ռազմավարության մեջ, և դրան ի պատասխան՝ Գերմանիայի Դաշնային բյուջեից, ոչ թե շուկայական միջոցներից, հատկացվեց այս վարկային միջոցը»,- ասաց նա:

  • Կիսվել: