կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Դուբայ էքսպո» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է հայկական տաղավարը

«Դուբայ էքսպո» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է հայկական տաղավարը

«Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը: Մեր երկիրը լրջորեն է պատրաստվել իրադարձությանը: Քիչ առաջ էքսպոյում բացվել է Հայկական տաղավարը, որը հագեցած է բարձրագույն տեխնոլոգիաներով: «Լուրեր»-ի նկարահանող խումբը Դուբայում է:

Էքսպոյի բացմանը մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ: 

«Մեր տաղավարի փիլիսոփայությունը կառուցված է նորարարության շուրջ: Այստեղ ներկայացված են տարբեր ոլորտների ընկերություններ՝ գյուղատնտեսական, տուրիզմի, արդյունաբերական, դեղագործական, տեխնոլոգիական և այլն»,- ասել է Վահան Քերոբյանը «Լուրեր»-ի հետ զրույցում:

Այս ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի ավելի քան 190 երկիր: Ցուցահանդեսը տեղի է ունենում յուրաքանչուր 5-6 տարին մեկ: Վեց ամիս շարունակ էքսպոյի մասնակից երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի ներքո՝ ներկայացնելով իրենց երկրների արտադրական և զբոսաշրջային գրավչությունն ու կարողությունները:

Հատուկ այս էքսպոյի համար կառուցվել է մի ամբողջական քաղաք՝ իր մետրոյով, մոտ 200 սրճարանով ու ռեստորաններով: Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտու, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» և «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի և արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։  

«Դուբայ էքսպո-2020»-ի անցկացումը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով։  

Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել է աջակցության փաթեթ և հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում։ 

«Դուբայ էքսպո-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները և ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։

Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթների ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հնարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու և մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։ 

  • Կիսվել: