կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Fitch-ը Ռուսաստանից տնտեսական կախվածությունը Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկ է համարում

Fitch-ը Ռուսաստանից տնտեսական կախվածությունը Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկ է համարում

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, առաջիկայում էական փոփոխություններ չի ակնկալում. Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, արձանագրում է գործակալությունը։

Չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

Վարկունակության գնահատումներ իրականացնող Fitch-ը Ռուսաստանից այսչափ մեծ տնտեսական կախվածությունը Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկ է համարում, հաղորդում է «Ազատությունը»:

«Մեր ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է, չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ առաջին անգամն է այս ցուցակում», - ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Fitch-ն այս տեսակետը հայտնել է Հայաստանի վերաբերյալ հերթական թարմացման շրջանակում: Գործակալությունը Հայաստանի վարկանիշն անփոփոխ է թողել:

Տնտեսությունը դիվերսիֆիակցնելու, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին իշխանությունները ավելի ակտիվ սկսեցին խոսել վերջին ամիսներին՝ Կրեմլի հետ լարվածության աճին զուգահեռ։ Ի՞նչ եղանակով ու մեթոդներով է կառավարությունը պատկերացնում կառուցվածքային այս փոփոխությունները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս ամիս տեղեկացրեց՝ նոր ուղղություններով արտահանում իրականացնողներին աջակցելու ծրագրեր են մշակում, նոր ռազմավարություն են գրում:

«Հիմնական նպատակը լինելու է, որպեսզի Հայաստանից արտահանվեն բարձր ստանդարտների և որակի ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ աշխարհի բազմաթիվ երկրներում և ոչ թե ինչ-որ փոքր երկրների շրջանակում: Մեր աշխատանքը, որը նաև տնտեսական քաղաքականությունում է ֆիքսված, լինելու է այդ ուղղությամբ հիմնականում, ու միայն մի ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու ենք ընդհանուր առմամբ խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքներին», - նշեց նախարարը:

  • Կիսվել: