երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆինանսական համակարգում կան բոլոր նախադրյալները կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար․ԿԲ փոխնախագահ

Ֆինանսական համակարգում կան բոլոր նախադրյալները կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար․ԿԲ փոխնախագահ

 Անցած տարին հայաստանյան բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար։ Ներկայում ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Հարցազրույցում նա  անդրադարձել է  անցած տարվա ֆինանսական համակարգի խնդիրներին, գնաճի ու տնտեսական աճի, վարկերի ու ավանդների  ցուցանիշներին, դրամի փոխարժեքի վրա ազդեցություններին, ընթացիկ տարվա համար կանխատեսումներին և այլ թեմաների։

-Պարոն Խաչատրյան, 2023 թվականին հիմնականում ի՞նչ գործոններ էական ազդեցություն ունեցան ՀՀ ֆինանսական համակարգի վրա՝ և դրական, և բացասական իմաստով։ Որքանո՞վ լուծվեցին ի հայտ եկած խնդիրները, և այս տարի ի՞նչ խնդիրներ չեք բացառում ֆինանսական համակարգում։

-Չնայած բոլոր դժվարություններին՝ 2023 թվականը կարելի է համարել ֆինանսական համակարգի կայուն զարգացման տարի: Հիմնական մարտահրավերը կապված էր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների հետ:

Կարևոր է ընդգծել, որ 2023 թվականը բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար: Բացի այդ, բանկային հատվածում արձանագրվեց բավարար շահութաբերություն՝ լրացուցիչ խթան հանդիսանալով ինչպես կապիտալի պաշարների ընդլայնման, այնպես էլ տնտեսության բնականոն վարկավորման համար: Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար:

- Որքա՞ն է կազմել հանրապետությունում արձանագրված գնաճն անցած տարի։ Ինչո՞վ է պայմանավորված եղել այդ ցուցանիշը և ինչպիսի՞ն է այն նախորդ տարվա համեմատ։ Այս տարվա համար ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք։ 

-Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գնանկում, ինչը 12-ամսյա կտրվածքով կազմել է 0.6 տոկոս: ԿԲ-ի խորհուրդն իր քննարկումներում բազմիցս արձանագրել է, որ վերջին շրջանում գնաճի զարգացումներում էական են արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները: Դրանք դրսևորվում են հիմնականում ներմուծվող սննդամթերքի, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների մասով: Այսպես՝ օրինակ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ներմուծված պարենի գները նվազել են 7.9 տոկոսով, իսկ ոչ պարենի մասում ունենք 0.1 տոկոս գնաճ: Սա նաև նախորդ տարիներին ձևավորված շատ բարձր գների մակարդակից աստիճանական նվազման արտացոլում է: Համավարակից հետո մենք ունեինք մի իրավիճակ, երբ միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կտրուկ բարձրացել էին՝ պայմանավորված համաշխարհային արժեշղթաների խաթարումներով, ինչը հետագայում ավելի սրվեց աշխարհաքաղաքական լարվածության ավելացմամբ: Արժեշղթաների աստիճանական վերականգնման և գործընկեր հիմնական երկրներում զսպող դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում միջազգային շուկաներում գներն աստիճանաբար նվազեցին, ինչն էլ արտացոլվեց նաև 2023 թվականի ՀՀ գնաճի ցուցանիշներում: Գնաճի նվազեցման վրա իր էական ազդեցությունն ունեցավ նաև 2022 թվականին դիտարկված ՀՀ դրամի արժևորումը գործընկեր երկրների արժույթների նկատմամբ:

Կարևոր է նշել նաև, որ վերջին տարիներին ՀՀ գնաճի զարգացումներում էական դերակատարում է ունեցել նաև բարձր պահանջարկը: 2022 թվականից սկսած՝ դա հիմնականում արտահայտվում էր միջազգային այցելուների մեծ ներհոսքի հետևանքով ձևավորված արտաքին բարձր պահանջարկով, ինչը որոշակի թուլացավ 2023 թվականին: Իսկ 2023 թվականին էական դարձավ շինարարության ու ծառայությունների ոլորտում ներքին պահանջարկի արագացումը: ԿԲ գործողություններն այս ողջ ընթացքում միտված են եղել կարգավորելու ավելցուկային պահանջարկը և թույլ չտալու գնաճային սպասումների հնարավոր ապախարսխման դրսևորումներ:

Ըստ ԿԲ-ի գնահատումների՝ 2024 թվականից սկսած աստիճանաբար գնաճը կավելանա և միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս մակարդակին: Իհարկե, հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված են նաև ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնք կարող են դրսևորվել ավելի բարձր գնաճային կամ ավելի ցածր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Սակայն ցանկացած սցենարի դեպքում մեկ բան հստակ է, որ ԿԲ-ն, անկախ զարգացումներից պատրաստ և հետևողական է լինելու միջնաժամկետում գնաճի թիրախի և երկրում գների կայունության նպատակի իրագործման հարցում:

-Անցած տարի ինչպիսի՞նն էին դրամի դիրքերը, ի՞նչ գործոններ են ազդել դրանց վրա:

-2023 թվականի ընթացքում, թեև ավելի մեղմ տեմպերով, սակայն հիմնականում շարունակվել են դեռևս 2022 թվականից դիտարկվող միտումները՝ պայմանավորված միջազգային այցելուների ու զբոսաշրջիկների, ինչպես նաև ֆինանսական ու կապիտալի զգալի ներհոսքով: Սա էլ արտացոլվել է դրամի փոխարժեքի արժևորման միտումներում: 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին արցախյան իրադարձությունների ֆոնին շուկայում անորոշության ու մտահոգությունների որոշակի աճ գրանցվեց, ինչն էլ արտացոլվեց նաև արժութային շուկայում տատանողականության որոշակի աճով: Վերջինս, ըստ էության, կարգավորվեց, երբ անորոշությունների ֆոնը որոշակի մեղմվեց ու դրամի փոխարժեքը կայունացավ:

- Ընդհանուր առմամբ ի՞նչ էական փոփոխություններով էր առանձնանում 2023 թվականը ֆինանսական կայունության, ռիսկերի տեսանկյունից։ Որքանո՞վ հաջողվեց հաղթահարել այդ առումով առկա խնդիրներն ու դրական արդյունքներով եզրափակել տարին։ Ի՞նչ սպասել այս տարի։ Ինչպիսի՞ն են ֆինանսական կայունությանը  ԿԲ-ի կողմից միտված քայլերը և նոր տարվա ի՞նչ կանխատեսումներ կան։

-Ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի մասով հարկ է առանձնացնել աշխարհաքաղաքական անորոշությունների գործոնը։ Հաջորդ ռիսկը, որին ԿԲ-ը բազմիցս անդրադարձել է իր հրապարակումներում, վերաբերում է վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում հնարավոր գերտաքացման միտումներին:

Վերոնշյալ ռիսկերը հասցեագրելու նպատակով Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանաբար բարձրացրել է  բանկային համակարգի կապիտալի պահանջները՝ 2023 թվականի օգոստոսից կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը սահմանելով 1.5 տոկոս: Հիփոթեքային վարկային ռիսկերի զսպման նպատակով դեռևս 2022 թվականից ներդրվել են վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն սահմանաչափի պահանջները (90 տոկոս դրամային վարկերի դեպքում): Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում 2023 թվականին կատարված փոփոխությունները, որով արգելվեց ռեզիդենտներին արտարժութային հիփոթեքային վարկերի տրամադրումը: Նվազագույն պահանջներ մտցվեցին նաև կառուցապատման հատուկ հաշիվների մնացորդների նկատմամբ:

Ֆինանսական համակարգի կայունության ապահովմանն ուղղված ԿԲ գործողությունները 2024 թվականին կածանցվեն մակրոֆինանսական պայմաններից, անորոշություններից և համակարգային ռիսկերից։

 

-Ի՞նչ տեղաշարժեր և ցուցանիշներ են արձանագրվել 2023 թվականին վարկերի և ավանդների մասով՝ ի համեմատ 2022-ի։ Ինչի՞ մասին են վկայում այդ ցուցանիշները։

-Բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 4.7 տրիլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 797 մլրդ ՀՀ դրամով կամ 20.4 տոկոսով: Ավանդները (ցպահանջ և ժամկետային) կազմել են շուրջ 5.1 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 429.3 մլրդ դրամով կամ 9.2 տոկոսով: Այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը զարգանում է դինամիկ տեմպերով՝ նպաստելով ինչպես խնայողությունների ձևավորմանը, այնպես էլ վարկավորման միջոցով ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը։

- Տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշով եզրափակեցինք 2023-ը և ինչպիսի՞ն է այն նախորդ տարվա համեմատ։ Ի՞նչ կանխատեսում կա այս տարվա համար։ 

-2023 թվականին, ըստ ԿԲ-ի գնահատումների, տարեկան կտրվածքով տնտեսական աճը կգտնվի 8 տոկոսից որոշակի բարձր մակարդակում, 2024 թվականին ևս սպասվում է բարձր աճ՝ 6 տոկոսի շրջանակներում: Կարևոր է նաև դիտարկել տնտեսական աճի գործոնները. 2022 թվականին, ինչպես նշվեց, աճի հիմնական շարժիչ ուժը արտաքին բարձր պահանջարկն էր, իսկ անցած տարի էական դարձավ շինարարության ու ծառայությունների ոլորտում ներքին պահանջարկով սնվող աճը: Վերջինս ևս գնահատվում է, որ աստիճանաբար կթուլանա և 2024 թվականին ավելի կմոտենանք մեր երկարաժամկետ ներուժային աճի 5 տոկոս մակարդակին: Բնականաբար, պետք է շեշտադրել, որ ՀՀ Կառավարության ողջ գործիքակազմը՝ կապիտալ ներդրումների իրականացումից մինչև մասնավոր ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու միջոցառումները, ուղղված են լինելու առաջիկա տարիներին ներուժային աճի ավելացմանը՝ ձգտելով Կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոս ցուցանիշին:

-Արտարժութային շուկայում հնարավո՞ր եք համարում հանկարծակի կտրուկ տատանումներն այս տարի։ Ի՞նչ հնարավորություններ կան այդ առումով կայունության  պահպանման համար:

-Նախ պետք է նշեմ, որ ՀՀ-ում փոխարժեքը ազատ լողացող է, այն որոշվում է շուկայական գործոնների համադրությամբ, և Կենտրոնական բանկը չի դիտարկում փոխարժեքը որպես նպատակ: Հատկանշական է, որ կախված տնտեսության զարգացման նախանշվող տարբեր սցենարներից՝ կապված զբոսաշրջության, դրամական փոխանցումների և այլ ֆինանսական հոսքերի, արտահանման և ներքին պահանջարկի հավանական զարգացումների հետ, հնարավոր են փոխարժեքի թե՛ արժևորման, թե՛ արժեզրկման սցենարներ: Պետք է փաստել նաև, որ առանձին իրավիճակներում, պայմանավորված ֆինանսական մեծածավալ հոսքերով ու շուկայական սպասումների արագ փոփոխություններով, արժութային շուկայում հնարավոր է դրսևորվի տատանողականության աճ:  ԿԲ-ը հավատարիմ է մնում լողացող փոխարժեքի սկզբունքներին, և միայն ֆինանսական շուկաներում բնականոն գործունեության խաթարման ռիսկերի դեպքում պատրաստ է միջամտել՝ ապահովելու շուկայի բնականոն գործունեությունը:

- Ըստ անցած տարվա գործընթացների ու տեղաշարժերի՝ որո՞նք կլինեն ԿԲ-ի գործունեության առաջնահերթություններն այս տարի։

-Ի թիվս այլ առաջնահերթությունների, պետք է նաև նշեմ, որ ԿԲ-ը հունվարի 12-ին պաշտոնապես ներկայացրեց Դրամավարկային քաղաքականության մշակման և որոշումների կայացման իր նոր կատարելագործված համակարգը (FPAS MARK II): Ըստ էության, այս տարվանից ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության որոշումների կայացումը կկառուցի բազմակի սցենարների և ռիսկերի կառավարման ներքո: Վերջինս նաև էական փոփոխություններ է նախանշում դրամավարկային որոշումների թափանցիկության ու հաղորդակցման ոլորտում:

Ֆինանսական համակարգի զարգացման մասով ՀՀ կենտրոնական բանկի առաջնահերթություններն ամրագրված են ՀՀ կենտրոնական բանկի ռազմավարությամբ։ Մեր ուշադրության կենտրոնում են լինելու ֆինանսական համակարգի թվային վերափոխման, վճարային համակարգերի զարգացման, ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կլիմայական ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի զգայունության նվազեցման, ՓԼԱՖ (փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման) դեմ պայքարի և համապատասխանության գործառույթի կատարելագործման, կարգավորման ժամանակակից չափորոշիչների շարունակական ներդրման հարցերը։

Բացի այդ, Կենտրոնական բանկում սկսել ենք ինստիտուցիոնալ վերափոխման ծրագիր, որի արդյունքում վերանայելու ենք բանկի կառավարման, որոշումների կայացման, նախագծերի իրականացման, բյուջետավորման, գնումների, անձնակազմի կառավարման, ՏՏ ենթակառուցվածքների և համակարգերի արդիականացման և այլ գործընթացները: Սա շատ կարևոր է, քանի որ Կենտրոնական բանկի առաքելությունն իրականացնելու հիմքում ընկած է որպես կազմակերպություն մեր գործունեության արդյունավետությունը:

 

  • Կիսվել: