շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում

«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության, իսկ սարքավորումները նոր արտադրական տարածքի կառուցման համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 330 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 80 աշխատատեղ՝ 470 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 94-ի՝ 429 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 155․6 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՎԱԼԱՆ ՊՐՈՖ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև կահույքի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 13․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Ներկայումս առկա է 131 աշխատատեղ՝ 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև174-ի՝192 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․46 մլրդ դրամ:

  • Կիսվել: