Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք.Ավինյանը դժգոհեց MAN մակնիշի անսարք ավտոբուսներից
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN մակնիշի անսարք ավտոբուսների հարցով իր դժգոհությունը հայտնեց, այս թեմայով սպասարկող ընկերության հետ քննարկումների կարիք է տեսնում:
Քաղաքապետ Ավինյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ շաբաթվա ընթացքում փաստացի սպասարկել է ընդհանուր 3598 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, այսինքն՝ 339-ով պակաս:
Նա սպասարկման ենթակա ավտոբուսների վերաբերյալ թվային տվյալներ ներկայացրեց: «Ընդհանուր թվով անսարք՝ 42 միավոր, վթարված՝ 32 միավոր, որից MAN մակնիշի 87 միավորից 7 միավոր՝ անսարք, 5 միավոր՝ վթարված, Zhongtong մակնիշի 391 միավորից 13 միավոր՝ անսարք, 21 միավոր՝ վթարված, Higer մակնիշի 141 միավորից 4 միավոր՝ անսարք, 4 միավոր՝ վթարված: Փոքր դասի միկրոավտոբուս՝ 100 միավորից 18 միավոր անսարք, 2 միավոր վթարված»,-ներկայացրեց Բեգլար Կիրակոսյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ինչո՞վ է բացատրվում MAN մակնիշի անսարք ավտոբուսների բարձր հարաբերակցությունը: Կիրակոսյանը պատասխանեց, որ պատճառը պահեստամասերի բացակայությունն է:
«Ես կարծում եմ, որ պետք է խոսել սպասարկող ընկերության հետ և վերջնական հասկանալ: 1,2, 3 անգամ նման խոսակցություններ եղել են, բայց մինչև վերջ խնդիրը չի լուծվել: Եթե սպասարկման որակը սա է լինելու, հասկանանք և սպասարկող այլ կազմակերպություն կընտրենք»,-ասաց քաղաքապետը: