կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
 Երեւանում մաքրող լվացող միջոցների գործարան կկառուցվի. 13 մլրդ դրամից ավելի ներդրում կարվի

Երեւանում մաքրող լվացող միջոցների գործարան կկառուցվի. 13 մլրդ դրամից ավելի ներդրում կարվի

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՈԲԻԼՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կենցաղային քիմիայի (մաքրող լվացող միջոցներ, փայլեցնող և համանման միջոցներ, հակասառեցնող հեղուկներ) արտադրության համար։

Ընկերությունը իր գործունեությունը ծավալել է ավտոկոսմետիկայի և ավտոխնամքի ոլորտում սկզբնական շրջանում հանդիսանալով միայն SONAX աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչը ՀՀ-ում, այնուհետև վերջինս սկսել է համագործակցել մի շարք այլ արտադրող կազմակերպությունների հետ, իսկ 2013 թ.-ից հիմնել է իր սեփական արտադրությունը:

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 920 մլն դրամի ներդրում գործարանի կառուցման և 12․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 37 աշխատատեղ 685 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12,5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլրդ դրամ:

  • Կիսվել: