շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանում Արժանապատիվ աշխատանքի օրվան նվիրված աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի

Երևանում Արժանապատիվ աշխատանքի օրվան նվիրված աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի

Երևանում Արժանապատիվ աշխատանքի օրվան նվիրված աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի։ Այն նախաձեռնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։  Կարևորելով աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի հավասարակշռումը, Հայաստանում արժանապատիվ աշխատանքի օրեցօր աճող անհրաժեշտությունը՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան նպատակ ունի ևս մեկ անգամ ուշադրության արժանացնել առողջ միջավայրում գործատու-աշխատող հարաբերությունների ձևավորմանը։

Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Հայաստանի նկարիչների միությունում։

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան 2008 թվականից հոկտեմբերի 7-ը հռչակել է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային  օր, որով փորձում է կառավարությունների և գործատուների ուշադրությունը սևեռել աշխատողների առողջ և անվտանգ աշխատատեղերի, արդար աշխատավարձի և սոցիալական պաշտպանվածության, սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերության համակարգի զարգացման վրա, աշխատանքային հարաբերությունների բնագավառում ակնկալելով իրենց իրավունքների ազատ իրագործման երաշխիքներ:

«Արժանապատիվ աշխատանքի ապահովումը  ցանկացած երկրի  տնտեսական զարգացման, այդ զարգացումն ապահովող աշխատողի ու  բարիքներ ստեղծողի արժանավայել  կյանքի երաշխիքն է: Արժանապատիվ աշխատանք նշանակում է ոչ միայն աշխատատեղերի ստեղծում, այլև աշխատանքային պայմանների բարելավում և արժանապատիվ վարձատրություն: Աշխատանքի տոնավաճառի միջոցով մենք կփորձենք աջակցություն ցուցաբերել բոլոր նարնց, ովքեր այս պահին աշխատանք են փնտրում կամ ցանկություն ունեն փոխելու աշխատավայրը՝ առավել արժանապատիվ աշխատանք ունենալու համար»,-նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Նշենք, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  կարգախոսը եղել  և  մնում է  «Արժանապատիվ աշխատանք», «Արժանապատիվ վարձատրություն», «Գործատու-աշխատող հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսություն», «Սոցիալական գործընկերության կայուն զարգացում»-ը, որին անշեղորեն հետևում է իր գործունեության  ընթացքում:

  • Կիսվել: