երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երևանի փոխքաղաքապետը ներկայացրեց, թե ինչ տարբերակներով է հնարավոր կատարել աղբահանության վճարները

Երևանի փոխքաղաքապետը ներկայացրեց, թե ինչ տարբերակներով է հնարավոր կատարել աղբահանության վճարները

Երևանի բնակիչներն արդեն կարող են կատարել աղբահանության համար նախատեսված վճարներն առցանց տարբերակով, ինչպես նաև «Հայփոստ»-ի բոլոր մասնաճյուղերում։

 Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ 

«Աղբահանության համար վճարումներն արդեն հասանելի են առցանց տարբերակով։ Վճարումները կարելի է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում,  pay.e-community.am կայքում, «Հայփոստ»-ի բոլոր մասնաճյուղերում, EasyPay վճարային համակարգով, և բանկերից մեզ առաջինը միացել է «Հայէկոնոմբանկ»-ը, այդ բանկի համապատասխան հավելվածով կարելի է վճարել։  

Ցանկն ընդլայնվում է, և մոտակա 1-2 շաբաթում մենք ունենալու ենք մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց միջոցով նույնպես կարող եք վճարումներ իրականացնել, շուտով համակարգին միանալու է նաև «Թելսել»-ը։ Ես կարծում եմ, որ մոտ 1 ամիս հետո բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, շուտով ևս հասանելի կլինեն և այլևս դժվարություններ չեն լինի»,- մանրամասնեց քաղաքապետի տեղակալը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հստակեցրեց, որ աղբահանության վճարների կարգի փոփոխություններից հետո աղբահանության վճարումների համար առցանց համակարգերը հասանելի չէին, քաղաքացիները կարող էին դժվարություններ ունենալ վճարումների հետ կապված, հետևաբար քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականի հունվարից մինչև հուլիսի 31-ը չկատարած վճարումների համար նախատեսված տույժերը չեղարկել, տույժերի հաշվարկը սկսել այն պահից, երբ վճարման համակարգերը հասանելի կլինեն։ 

Ավինյանը նշեց, որ համապատասխան նախագիծը կընդունվի ավագանու այսօրվա նիստում։  

 

  • Կիսվել: