կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երևանցիները դժգոհ են Կենտրոնի թաղապետից (Հարցում)

Երևանցիները դժգոհ են Կենտրոնի թաղապետից (Հարցում)

Մայրաքաղաքի բնակիչները գնահատել են  Երևանի վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը։ Այս մասին ասաց «Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Նավասարդյանը` ներկայացնելով Երևանի հիմնախնդիրների վերաբերյալ կատարված հարցումների արդյունքները։

«Ամենաբարձր գնահատականը ստացել են Քանաքեռ–Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները` 3.9 բալ, Նուբարաշենում գնահատել են 3.7, Մալաթիա– Սեբաստիայում` 3.6, Նորք Մարաշում և Ավանում` 3.5 բալ։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը գնահատվել է 3.4 բալ, իսկ Արաբկիրում, Նոր Նորքում և Աջափնյակում` 3.3 բալ, Դավթաշենում էլ 3.2 բալ են գնահատել։ Ամենադժգոհը եղել են Կենտրոնի բնակիչները, նրանք վարչական ղեկավարի աշխատանքը գնահատել են 2.7 բալ։ Կենտրոնի թաղապետը մոտ 2 ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնին, չեմ բացառում, որ դրանով է պայմանավորված ցուցանիշը»,– ասաց Նավասարդյանը։
 
Ինչ վերաբերում է ավագանու խմբակցություններին, ապա հարցման մասնակիցներն ամենից շատ դժգոհել են «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան» խմբակցությունների աշխատանքից, մեծ մասը գոհ է եղել «Քաղաքացիական պայմանագրից»։
 
Հարցման համաձայն` Երևանի բնակիչները դժգոհ են, որ մայրաքաղաքում նոր շենքերի կառուցման համար բազմաթիվ շինթույլտվություններ են տրամադրվում։
Երևանցիների 34.6 տոկոսը ընդհանրապես բացասական է վերաբերվում մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը, իսկ 18.6 տոկոսը պատասխանել է` «ավելի շուտ բացասական»։ Լիովին դրական է համարել հարցվածների 17.8 տոկոսը, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել։

  • Կիսվել: