չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երեք տարում վերականգնվել է Հայաստանին պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս. Լենա Նազարյան

Երեք տարում վերականգնվել է Հայաստանին պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս. Լենա Նազարյան

2018-2020 թթ. ընթացքում քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի էր, վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Համեմատության համար ասեմ, որ 2009-2017 թթ. ընթացքում` 9 տարում,  վերականգնվել է  մոտ 21 միլիարդ դրամ: Այսինքն` երեք տարում վերականգնվել է 2.6 անգամ ավելի շատ վնաս, քան դրան նախորդած 9 տարիների ընթացքում միասին վերցրած»,- ասաց Նազարյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի 50/50 տոկոսների մասին հարցին:

«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների ընթացքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի պետական բյուջե է փոխանցել 3 միլիարդ 165 միլիոն ՀՀ դրամ: Ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 միլիոն ԱՄՆ դոլար: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն է հայտնել այս տեղեկությունը 2019 թվականին ի պատասխան «Ազատության» ռադիոկայանի գրավոր հարցմանը»,- նշեց Նազարյանը:

Պատգամավորի խոսքով` եթե հնարավոր լիներ ապացուցել նախկինում եղած տնտեսական, քաղաքական, ընտրական, դատական համակարգերի զավթումը, հեղափոխություն չէր լինի:

 

  • Կիսվել: