Էլեկտրական մեքենաներ սպասարկող եւ օճառ արտադրող ընկերությունները արտոնություն ստացան. Ի՞նչ են նրանք խոստանում
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել օճառի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Գյումրի քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 20 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 70 մլն դրամի ներդրում արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 97 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում,մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում,նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․3 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնություն տրվեց «ՍՄԱՐԹ ՍԻՍՏԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ-ում զարգացնել և ընդլայնել էլեկտրական մեքենաների միջոցով փոխադրումների իրականացման հնարավորությունները՝ կատարելով էլեկտրական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 72 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար (ներառյալ ներմուծվող ապրանքների արժեքը)։
Ներկայումս առկա է 18 աշխատատեղ 130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 23-ի՝ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․2 մլն դրամ: