հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունը ևս դեմ է առողջության հարկին

Էկոնոմիկայի նախարարությունը ևս դեմ է առողջության հարկին

ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ քննարկվել է առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»:

Նիստին ներկա են եղել ֆինանսական և հարկային ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Քննարկմանը հրավիրված առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդհանուր կետերով ներկայացրել է, որ «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նպատակը բնակչության համար առողջապահական ծածկույթ ապահովելն է, ինչի արդյունքում մարդիկ կապահովվեն հիմնական բժշկական ծառայություններով ու դեղորայքով:

Հայեցակարգով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համար գանձել 6 տոկոս եկամտահարկ:

«Սա ոչ թե ավանդական ապահովագրության համակարգ է, այլ ավելի շուտ սոցիալական ապահովության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ անկախ տարիքային, ֆինանսական կարգավիճակներից, օգտվել բժշկական ծառայություններից», -նշել է առողջապահության փոխնախարարը:

Քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցրել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է մինչև 2023 թվականը շարունակաբար նվազեցնել քաղաքացիների միասնական եկամտային հարկի դրույքաչափը: «Կառավարության հռչակած քաղաքականությունն է՝ ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, ունենալ բարձրորակ աշխատուժի հնարավորինս ցածր հարկային բեռ», -ընդգծել է Արման Պողոսյանը՝ նկատելով, որ առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ:

Հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ աշխատավարձի լրացուցիչ հարկումը ճիշտ չէ և մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ:

«Մենք պատրաստ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկել ներկայացված նախագիծը, որովհետև այս համակարգի ներդրման դեպքում տնտեսական մրցունակության առումով մենք խնդիր ենք ունենալու: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների (OECD) նկատմամբ Հայաստանում միջին վիճակագրական ընտանիքը ավելի շատ է հարկվում և հիմա ներդնելով այս համակարգը դուրս ենք մնում մրցունակությունից, ուստի մենք հակված չենք աշխատավարձի վրա հավելյալ հարկ կիրառելուն»,- նշել է փոխնախարարը:

Քննարկման մասնակիցները հիմնականում մտահոգություններ են հայտնել ներկայացված համակարգի վերաբերյալ: Լսելով մտահոգություններն ու հնչած առաջարկները, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հորդորել է առաջարկները ի մի բերել և ներկայացնել քննարկման:

  • Կիսվել: