հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եկամուտների հայտարարագրման համակարգով խոպանչիները չեն հարկվելու․ Բաբկեն Թունյան

Եկամուտների հայտարարագրման համակարգով խոպանչիները չեն հարկվելու․ Բաբկեն Թունյան

«Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ենք փաթեթ, որով ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ»,- ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Առաջարկվում է՝ 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Բաբկեն Թունյանը նշեց՝ պատժի մեխանիզմները բարելավել են, ներդրել են նախազգուշացման մեխանիզմ, տուգանքը նվազեցրել են։

Նա տեղեկացրեց՝ առաջին հայտարարագրերը լրացվելու են 2024-ի մայիսին, 2026-ի մայիսին արդեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները հայտարարագիր կլրացնեն։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս օրենսդրական փոփոխության մեջ ռիսկեր է տեսնում, որոնց մասին՝ ըստ նրա՝ կառավարությունը բացահայտ չի խոսում։ Նա պարզաբանեց․ «Մի քանի անգամ փորձ է արվել հարկել խոպանչիներին։ Այսինքն՝ մարդը եկամուտը ստանում է ոչ ՀՀ-ում, գալիս է Հայաստան, իրեն հարկում են։ Մեր հայրենակիցները, որոնք ՀՀ-ում չեն կարողանում աշխատանք գտնել, պանդուխտի ցուպը վերցնում, դուրս են գնում, ապրում են ոչ բարեկեցիկ կյանքով, կոպեկ-կոպեկ աշխատած փողը փոխանցում են այստեղ, կառավարությունը պահանջում է, որ հայտարարագրեն իրենց եկամուտները։ Այսօր կհայտարարագրեն, վաղը դրանից կօգտվեն ու կհարկեն։ Առնվազն նման ռիսկ է պարունակում նաև գյուղատնտեսության հարկումը»։

Բաբկեն Թունյանը վստահեցրեց՝ խոպանչիներին որևէ մեկը չի հարկելու ու, դիմելով Արթուր Խաչատրյանին ասաց․ «Ուրախ կլինեի, որ այդ ռիսկերի մասին խոսեիք ոչ թե հիմա՝ երկրորդ ընթերցման ժամանակ, այլ գայիք, մասնակցեիք քննարկումներին։ Ձեզ՝ որպես տնտեսագետի հարգում եմ, եթե մասնակցեիք քննարկումներին, ռիսկերը կամ կչեզոքանային, կամ կքննարկեինք։ Բայց երկրորդ ընթերցման ժամանակ գալ ու խոսել ռիսկերի մասին, այն դեպքում, երբ Ձեր նշած ռիսկը գոյություն չունի, ճիշտ չէ։ Եկամուտների հայտարարագրման համակարգով խոպանչիները չեն հարկվելու, իսկ ովքեր դրսից եկամուտներ են ստանում՝ կլինեն դրսում աշխատող շինարարներ կամ այլ ոլորտներում, կլինեն ՀՀ-ում ֆրիլանս աշխատող ծրագրավորողներ, մինչև մեկ միլիոն դրամ եկամուտի դեպքում ոչ տեղեկանք ներկայացնել է պետք, ոչ էլ դրա համար լրացուցիչ հարկեր վճարել»։

  • Կիսվել: