Էդ ընկերությունների ցուցակը, որոնք մեզնից ավելի հնարամիտ են, կտաք ինձ. Փաշինյանը կատակով դիմեց Ջանջուղազյանին
Մենք արտոնությունը տալիս ենք, որ դրսից այդ կազմակերպությունները գան, այստեղ գործունեություն ծավալեն: Ես համաձայն եմ, որ դա երաշխիք չի տալիս, որ այդ կազմակերպությունները կգան, բայց սա առնվազն ուղերձ է: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության նիստում անդրադառնալով տիեզերական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար ՀՀ տարածքում հարկային արտոնություններ նախատեսող օրինագծին:
Նշենք, որ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Տիեզերական գործունեությունը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում եւ այդ ընկերություններին տրամադրել հարկային արտոնություն մինչև 2030 թվականը:
Փաշինյանը նշեց. «Դեռ չկա այդպիսի ընկերություն, որ հիմա հոգ ենք տանում: Այլ բան է, որ գործող ընկերություն լինի, մենք էլ մտածենք՝ վայ, տարեկան ինքը 500 մլն դրամ հարկ պետք է տար, հիմա չի տա»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց. «Մենք ունենք ընկերություններ, որոնք մեզնից հնարամիտ են վստահաբար և կարող են օգտվել այս արտոնությունից՝ չլինելով տիեզերական գործունեության ոլորտում»:
Փաշինյանն էլ Ջանջուղազյանից ուզեց նրանց ցուցակն ու կատակեց. «Էդ ընկերությունների ցուցակը կտաք ինձ, պարոն Ջանջուղազյան, որոնք մեզնից ավելի հնարամիտ են: Այո, մենք այս արտոնությունը մտցնում ենք դեռ գոյություն չունեցող ընկերությունների համար, բայց հաստատապես կան ընկերություններ, որոնք խոշորացույցով կնայեն, թե ասենք, օրինակ, մակարոնի վաճառքը ոնց կարելի է մտցնել տիրեզերական գործունեության տրամաբանության մեջ և օգտվել հարկային արտոնություններից»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ մակարոնի վաճառքով զբաղվող ընկերությունները նախ պետք է այս ոլորտուլ լիցենզավորվեն, ինչին վարչապետը ծիծաղելով արձագանքեց, «Ձևերը մի հուշեք»:
Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց. «Ստացվում է, որ ի սկզբանե խաղի կանոնը խախտել ենք: Մենք պետք է ձեռնպահ մնանք հարկային արտոնությունը որպես խթան օգտագործելուց: Հիմա եթե այդ ընկերությունները գան, մենք հավերժ իրենցից հարկ չե՞նք վերցնելու»: