կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵԱՏՄ-ում օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից․ Ժապարով

ԵԱՏՄ-ում օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից․ Ժապարով

ԵԱՏՄ-ում ձեռնարկված օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից։ Նման կարծիք է հայտնել Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

«Անցած 9 ամիսների ընթացքում մեր կողմից համատեղ օպերատիվ կերպով ձեռնարկվել և համաձայնեցվել են միջոցներ տնտեսական կայունության և պարենային անվտանգության ապահովման, բիզնեսի պահպանման և միությունում հետագա ինտեգրացիոն գործընթացների ապահովման համար»,-ասել է Ժապարովը:

Ընդունվել է ԵԱՏՄ մարմինների 55 որոշում։ Դրանք միջոցներ են, որոնց արդյունքում ժամանակավոր հիմունքներով զրոյացվել են 1310 տեսակ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։
Ժապարովը պարզաբանել է, որ դրանք պարենային և հումքային խմբի ապրանքներ են՝ սննդամթերքի, թեթև արդյունաբերության արտադրանքի, դեղագործական արտադրանքի, մեքենաշինության և այլ ապրանքների արտադրության համար:
 
Նա նշել է, որ ճգնաժամի պայմաններում բարենպաստ պայմաններ ստեղծելու և բիզնեսին աջակցելու նպատակով մեղմացվել են միության մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջները։ Առաջին անհրաժեշտության ապրանքների և կրիտիկական ներմուծման ապրանքների պակասուրդից խուսափելու համար ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմն ավելացել է մինչև 1000 եվրո։
Այս բոլոր միջոցառումների շնորհիվ, նրա խոսքով, հաջողվել է խուսափել ապրանքների դեֆիցիտից։
 
 

  • Կիսվել: