ԵԱՏՄ-ում մշակում են աշխատանքային միգրանտներին ուղղված նոր նախագիծ. մանրամասնում է Տիգրան Սարգսյանը
Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ն աշխատում է նոր թվային նախագծերի վրա: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում մի թվային մի նախագծի շուրջ, որն ուղղված է ԵԱՏՄ տարածքում աշխատանքային միգրանտներին: «Республика Армения»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:
Այդ նախագիծը կիրականացվի թվային հարթակի միջոցով և կունենա հավելվածի տեսք: Ավելին, կլինի ծառայությունների մի ամբողջ հավաքածու, որը կտրամադրվի աշխատանքային միգրանտներին: Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանի համար դա շատ արդիական է, հաշվի առնելով, որ մեծ թվով աշխատանքային միգրանտներ ամեն տարի հատում են սահմանը, աշխատանք են գտնում Ռուսաստանում, ստանում են աշխատավարձ, գրանցվում են, այնտեղ ապրում են, տեղավորում են իրենց երեխաներին և այլն: «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի օգնությամբ նրանք կարող են այդ բոլոր գործընթացները կառավարել Հայաստանից:
«Օրինակ, գտնել համապատասխան աշխատանք, պայմանավորվել աշխատավարձի հարցի շուրջ, ստանալ դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով և այլն: Ինչ վերաբերում է Միության երկրների համապատասխան մարմինների գործակցությանը, ապա քանի որ ԵԱԶԲ-ն միջազգային կազմակերպություն է, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, մեզ մոտ, միանշանակ, իրականցվում է ուղիղ աշխատանք բոլոր բաժնետերերի հետ, որոնք որոշումներ են կայացնում մեր բանկի խորհրդի մակարդակով: Եվ մեր բոլոր ծրագրերը, նախագծերը, մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է մեր բաժնետերերի համար: Թվային նախաձեռնությունների հիմնադրամն ունի աշխատանքի պլան այս տարվա համար, որտեղ նկարագրվում են այն բոլոր միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Բնականաբար, մեր բոլոր բաժնետերերը (իսկ դրանք պետական կառույցներն են) տեղյակ են մեր աշխատանքներից: Եվ մենք մեր հերթին փորձում ենք լինել մաքսիմալ թափանցիկ»,-նշել է նա:
Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ պատրաստում են թվային անձնագրեր ԵԱԶԲ-ի բոլոր մասնակից երկրների համար, այդ թվում թվային անձնագիր Հայաստանի համար: Այս փաստաթղթի իմաստն այն է, որ նկարագրվում է ԵԱՏՄ անդամ երկրներում առկա իրավիճակը, թե որքանով են առաջադեմ այս կամ այն բիզնես գործընթացների թվայնացման գործում, ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվել, ինչպես է կառավարվում թվային վերափոխումը երկրներում և այլն: Նման անձնագրերի մշակումը թույլ կտա քննարկումների միջոցով վերհանել այս կամ այն խնդրահարույց տեղերը և առավելությունները, որոնք առկա են երկրներում: «Պետք է մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված լինի միության երկրներին օժանդակելուն ՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում»,-հավելել է նա: