կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի մեզ համար. Վաղարշակ Հակոբյան

ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի մեզ համար. Վաղարշակ Հակոբյան

ՀՀ-ն վերջին առնվազն մի քանի տարիներին, լինելով ԵԱՏՄ անդամ, բավականին մեծ հաջողություններ է գրանցել՝ նաև տնտեսական: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Անցյալ տարի ՀՀ-ն ունեցել է 12.7 տոկոս մաքուր տնտեսական աճ, ինչը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի մակարդակով առաջիններից էր, և այս բոլոր ձեռքբերումները մենք ունեցել ենք ԵԱՏՄ շրջանակներում մեր գործունեությունը ծավալելիս, և շատ նորմալ է, որ մենք մասնակցենք ԵԱՏՄ նիստերին: Վարչապետի այցերի մասին մենք տեղեկանում ենք պաշտոնապես Կառավարության աղբյուրներից և հայտարարություններից, և թույլ տվեք, որ ես հղում անեմ Կառավարության աղբյուրներին: Ես ասացի իմ կարծիքը, և կարծում եմ, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի մեզ համար, և ԵԱՏՄ անդամակցությունը բավականին դրական բաներ է բերում մեր երկիր»,- նշեց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև մեկ ամիս առաջ ԱՊՀ նիստին չմասնակցելու որոշմանը.

«Դուք գիտեք, որ վերջին շրջանում ՀԱՊԿ միջոցառումներից որոշներին չենք մասնակցել, և այդ մասնակցության բացակայությունը նաև մեկնաբանվել է, մեկնաբանվել է ոչ միայն աշխատանքային մակարդակում, այլև՝ հրապարակային: Երբ որ արձանագրվում են ՀԱՊԿ-ի թերացումները, ՀՀ-ն բոլոր մակարդակներում խոսում է այդ մասին, և խոսում է շատ ուղիղ, և խոսում է Հայաստանի Հանրապետության պետական շահին համապատասխան»:

  • Կիսվել: