ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են. Պապոյան

ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են. Պապոյան

2024-ին Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի, նախագծերի մշակման, լրամշակման, համաձայնեցման աշխատանքներին: Անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի մեկ, ԵՏՄ հանձնաժողովի խորհրդի՝ չորս նիստ: Այս մասին այսօր ՀՀ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ-ում մեր երկրի ներգրավվածության ապահովումը և արտաքին աշխարհի հետ ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության հետագա ընդլայնումը: 

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ նշել է, որ 2024 թ. ՀՀ բյուջե է փոխանցվել 76 մլրդ 166 մլն դրամ մաքսատուրք, որը 879 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին:

Տարբեր ուղղություններով նախարարությունը շարունակել է համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ:

Նշվել է, որ ծավալուն աշխատանք է իրականացվել մակրոտնտեսական քաղաքականության, հաշվապահական հաշվառման և աուդիտի գործունեության ուղղությամբ, տարբեր հարթակներում հայ մասնագետները մասնակցել են ոլորտին վերաբերող մի շարք աշխատանքային քննարկումների:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են: Տարվա ընթացքում արձանագրվել է մի շարք առանցքային ցուցանիշների նշանակալի բարելավում: 2024 թ. գրանցվել է ՀՆԱ-ի 5,95 տոկոս իրական աճ: Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել նաև արտաքին տնտեսական հարաբերություններում: 2024թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը 2017 թվականի համեմատ աճել է ավելի քան 4,2 անգամ:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 12 մլրդ 706 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 54 տոկոսով:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով Հայաստան- ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների հետ հարաբերությունների, զբոսաշրջության, առևտրաշրջանառության զարգացմանն ուղղված քայլերին, որոշ ուղղություններով ուղիղ թռիչքների ապահովմանը, արտահանման ընթացքում առաջացած խնդիրներին:

  • Կիսվել: