շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դեռևս ԵՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել, աբողջ օգուտները դեռ առջևում են. նախարար

Դեռևս ԵՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել, աբողջ օգուտները դեռ առջևում են. նախարար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, որը թեև Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7 տոկոս է, սակայն էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3,5 տոկոսով:

«Այն էլեկտրաէներգիայի սպառումը, որ ՀՀ տնտեսության մեջ պետք է լիներ 7 տոկոս տնտեսական ակտիվության պարագայում, համապատասխանաբար արտացոլված կլինի նաև ներքին սպառման էլէներգիայի դեպքում: Բացի այդ, կան ավելի էներգախնայողական տեխնոլոգիաներ: Այդ գործոնը նույնպես ազդեցություն ունեցել է: Մյուս կողմից, էլեկտրաէներգիայի մեծ սպառող Ալավերդու պղնձաձուլարանը էկոլոգիական նկատառումներով չի աշխատում: Եթե այդպիսի մի միավոր տնտեսական կյանքից դուրս է գալիս, կարող է լինել այդպիսի փոփոխություն»,-մեկնաբանեց նախարարը:

Անդրադառնալով արտահանմանը, նախարարը նշեց , որ 2018-ին մենք ԵՏՄ երկրներ արտահանել ենք 20 տոկոսով ավելի շատ ապրանք, քան 2017-ին, իսկ 2019-ի 8 ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներ արտահանել ենք 11 տոկոս ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում:

«Մենք դեռևս ԵՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել, և այն աբողջ օգուտները, որ կարող են լինել, դեռ առջևում են: Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ այդ ընթացակարգերը լինեն ավելի պարզեցված»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

 

  • Կիսվել: