չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դեռ պատրաստ չենք սահմանին վերացնելու ավելացված արժեքի հարկը. ՊԵԿ նախագահ

Դեռ պատրաստ չենք սահմանին վերացնելու ավելացված արժեքի հարկը. ՊԵԿ նախագահ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դրական գնահատեց Կառավարության՝ ավելացված արժեքի հարկի հետվճարումը եռամսյա ժամկետից մեկամսյա ժամկետ տեղափոխելու որոշումը:

Նա ասաց, որ, իր տեղեկություններով, ՊԵԿ նախագահը նաև առաջարկել է քննարկել սահմանից ավելացված արժեքի հարկի տեղափոխման խնդիրը: Պատգամավորը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահից՝ արդյոք հիմա պատրա՞ստ են այդ քայլն անելու:  

Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ նման առաջարկ արել է համակարգի մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում, որոնք փոխանցել են նախկինում արդեն իսկ քննարկված գաղափարները և առաջարկները: 

«Այս պահին մենք դեռ պատրաստ չենք վերացնելու սահմանին ավելացված արժեքի հարկը: Կառավարության նիստում ասել եմ՝ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման ինստիտուտի զարգացման հաջորդ քայլը դա կլինի»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հաշվի առնելով վարչարարական ռիսկերը, կառավարելուն ուղղված մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը՝ այս պահին պատրաստ չեն, թեև քննարկումներն ընթացքի մեջ են. երբ կգնահատեն, որ պատրաստ են գնալ դրան, առարկայորեն կքննարկեն առաջարկը:

  • Կիսվել: