երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չեն կարող լինել գետոյացված, մութ շենքեր, որտեղ ոչինչ տեղի չի ունենում. Ավինյան

Չեն կարող լինել գետոյացված, մութ շենքեր, որտեղ ոչինչ տեղի չի ունենում. Ավինյան

Այսօր Կառավարության նիստում Պետական գույքի կառավարման հայեցակարգի քննարկման ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ սկսած 1990-ականներից՝ մի շարք գործարաններ մասնավորեցվել են՝ աշխատատեղ ստեղծելու եւ աշխատացնելու հստակ պայմաններով, սակայն հետագայում սեփականատերերը կա՛մ վաճառել են, կա՛մ չեն վաճառել, բայց ոչ մի աշխատանք չեն կատարել իրենց պարտականություններն իրագործելու ուղղությամբ:

Թեմայի շրջանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարցրեց, թե արդյոք հայեցակարգում անդրադարձ կա՞ այն գույքին, որը մասնավորեցվել է, բայց դրա կառավարումը չի իրականացվում այն պարտավորությունների շրջանակում, որոնցով մասնավորեցվել են:

Պատասխանելով այդ հարցին՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց. «Բոլոր այն դեպքերում, երբ այդ գույքերը ծանրաբեռնված են որոշակի պայմաններով, դրանք հսկողության կամ մոնիտորինգի տակ են: Այլ հարց է, թե մենք ի՛նչ գործուն մեխանիզմներ ունենք դրանք դաշտ բերելու համար: Գաղտնիք չէ, որ այդ պայմաններն այնպիսին են եղել, որ միշտ չէ, որ պետական ազդեցության միջոցներն արդյունավետ են ու գործնական»:

Կառավարության գործիքակազմը, ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, այդ առումով բավական լայն է. բոլոր գործիքներն առկա են, որպեսզի, օրինակ, Երեւանի կենտրոնում գտնվող, նախկինում մասնավորեցված շենքերը, որոնք մասնավորեցվել են ինչ-որ պայմաններով եւ հիմա կիսափլատակ վիճակում են, կառավարությունը որոշակի խթաններ ստեղծի կամ միգուցե սահմանափակումներ մտցնի, որպեսզի պրոցեսը սկսի առաջ գնալ:

Նա, մասնավորապես, ասաց. «Մարդիկ պետք է գիտակցեն, որ չեն կարող լինել գետոյացված, մութ շենքեր, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, բայց պետք է տեղի ունենար ըստ ծրագրի»:

Պետգույքի կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանն էլ նշեց. «Մենք արդեն ունենք տասնյակից ավելի հարուցված քրեական գործեր, բայց ասել, որ եղել են հստակ պայմանով մասնավորեցումներ, որոնք չեն իրականացվել, դրա համար հարկավոր է այդ պայմանները մատնանշել: Համենայն դեպս՝ փաստաթղթերում պարտավորությունները կամ ֆիքսված չեն, կամ կա վաղեմության ժամկետի խնդիր: Մյուս կողմից՝ մենք կարող ենք գործադրել տարբեր գործիքներ, օրինակ՝ գույքահարկ, որպեսզի քաղաքի կենտրոնում, օրինակ՝ Ամիրյան փողոցում, չունենանք չգործող, չլուսավորվող շենքեր»

  • Կիսվել: