երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցեմենտ արտադրող տեղական երկու ընկերությունների արտադրության ծավալներն աճել են, ներմուծմանը՝ նվազել

Ցեմենտ արտադրող տեղական երկու ընկերությունների արտադրության ծավալներն աճել են, ներմուծմանը՝ նվազել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խորհրդարանում ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագծի քննարկմանն անդրադարձավ դրա նախապատմությանը:

Թունյանը հիշեցրեց, որ 2018-ին Իրանում ցեմենտի գինը մի քանի անգամ նվազեց, որը էժան էր նաև Հայաստանում արտադրված ցեմենտից: Տեղական արտադրողներին՝ «Արարատցեմենտ» և «Հրազդանցեմենտ» ընկերություններին պաշտպանելու նպատակով Կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար: Նախատեսվում էր 2020-ի դեկտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում 6 ամսով երկարաձգել պետական տուրքը ներկրված ցեմենտի և կլինկերի համար, բայց բավարար ձայներ չհավաքվեցին: Ստացվեց, որ այս տարվա սկզբից ցեմենտ ու կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի:

«Տեղական արտադրողներին պաշտպանելու համար Կառավարության որոշմամբ ուղղակի արգելվեց ցեմենտի ու կլիների ներմուծումը: Հետո կլինկերինը բացեցին, ցեմենտ չի թույլատրվում ներմուծել մինչև հուլիսի 1-ը: Մեզ ասում էին՝ էդ 14 հազար դրամը, որ ընդունել եք, քիչ է, իսկ կլինկերի վրա, որ չեք ընդունել, սխալ է, որի հետևանքով ունենալու ենք տեղական ցեմենտի կործանում»,- նշեց պատգամավորը՝ ներկայացնելով ցուցանիշներ օրենքի ընդունումից հետո:

«Արարատցեմենտի» արտադրությունն աճել է՝ 443 հազար տոննայից հասնելով 534 հազար տոննայի, «Հրազդանցեմենտի» արտադրությունն աճել է՝ 30 հազար տոննայից՝ 90 հազար տոննա: Ցեմենտի ներմուծումը կրճատվել է՝ 208 հազար տոննայից դառնալով 152 հազար տոննա: Կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել է՝ 118 հազար տոննայից դարձել է 91 հազար տոննա:

«Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական երկու ընկերությունների ցեմենտի արտադրության ծավալներն աճել են, ներմուծումը և կլինկերից արտադրվողը՝ նվազել են: Ընդհանուր շուկան աճել է: Եթե ներմուծումն ու արտադրությունը հաշվենք՝ շուրջ 800 հազար տոննայից դարձել է 866 հազար տոննա: Ամենահետաքրքիրն այն է, որ այն տեղի է ունեցել շինարարության անկման պարագայում»,- նշեց Թունյանը: 

  • Կիսվել: