Բուհերի որոշ շենքեր կարող են նաեւ օտարվել, բայց որոշ շենքեր անձեռնմխելի են. Նիկոլ Փաշինյան
Բուհական որոշակի շենքային ակտիվներ կարող են նաեւ որպես հատուցման միջոց հանդիսանալ ակադեմիական քաղաքը կառուցելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Պետք է եղած բուհական շենքային ակտիվները այս փուլում նախապատրաստենք այնպիսի կառավարման, որ հետագայում դրանցից գեներացվող միջոցներն օգտագործելի լինեն ակադեմիական քաղաքի ծրագիրն առաջ տանելու եւ նրան սպասարկելու նպատակով:
Պայմանավորվել ենք, որ այդ շենքերը օգտագործման հանձնելուց այնպիսի պյամաններ լինեն, որից երեւա, որ կամ կան վերջնաժամկետներ, այսինքն երբ մենք մոտենանք ակադեմիական քաղաքի միջավայրը որպես այդպիսին օգտագործելուն, այն շենքային օգտագործման իրավունքները, որոնք տրված կլինեն երրորդ անձանց, դրանք պետք է սահմանափակվեն:
Գարնանը սպասվող մեր ամփոփ քննարկման ժամանակ ինչ լավագույն լուծումներ կարող ենք ընտրել հետագա ֆինանսական կառավարման մոդելն ընտրելու տեսանկյունից: Պետք չի բացառել, որ ոչ բոլոր, բայց որոշակի շենքային ակտիվներ կարող են նաեւ որպես հատուցման միջոց հանդիսանալ ակադեմիական քաղաքը կառուցելու համար: Նույնիսկ այդպիսի միջազգային տերմինաբանություն կա ֆինանսիստների շրջանում՝ «բանալին բանալու դիմաց»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Այսինքն նկատի ունեք, որ, այնուամենայնիվ, կարող է կարիք լինել շենքային հատվածներ հնարավոր է օտարե՞լ: Եկեք արձանագրենք, որ ամեն ինչ տեղի է ունենալու բացարձակապես թափանցիկության պայմաններում: Իհարկե, կան շենքեր, որոնք շատ սիմվոլիկ նշանակություն ունեն եւ նման շենքերի օտարման հարց չենք էլ քննարկի: Մենք այս պահին պատկերացնում ենք մի քանի շենքեր, իրականում դրանք տասնյակներ են: Այն շենքերը, որոնք մենք մեր մտքում պատկերացնում ենք, դրանք անձեռնմխելի են»: