կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար ՇՄԱԳ փորձաքննությունը պարտադիր է լինելու. ինչ այլ փոփոխություն է առաջարկում նոր նախագիծը

Բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար ՇՄԱԳ փորձաքննությունը պարտադիր է լինելու. ինչ այլ փոփոխություն է առաջարկում նոր նախագիծը

 Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության ոլորտում փոփոխություններ են սպասվում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են մի շարք ուղղությունների: Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսպես բնորոշեց նախագիծը՝ խստացված և պարզեցված: Այսինքն՝ մի շարք ուղղություններով խստացումներ են նախատեսվում, մի շարք ուղղություններով՝ պարզեցումներ:

«Մենք ընդլայնել ենք այն ոլորտները, որոնք պետք է անցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության գործընթաց: Օրինակ ՀԷԿ-երը: Եթե մեկ ՄգՎտ հզորությունը գերազանցում է, ապա նոր գործող օրենսդրությամբ նախատեսվում է ՇՄԱԳ փորձաքննություն: Հիմա նոր փոփոխությամբ բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար անհրաժեշտ է լինելու համապատասխան փորձաքննություն: Սա շատ կարևոր է, որովհետև այսօր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով ունենք բավական վատ իրավիճակ գետերի հետ կապված»,-ասաց Գայանե Գաբրիելյանը:
 

Խստացումների թեման շարունակելով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում ևս փոփոխություններ են նախատեսված: Գործող օրենքը պատասխանատվություն է նախատեսում առանց փորձաքննության դրական եզրակացության գործունեություն ծավալելու համար: Նոր փոփոխություններով պատասխանատվության չափը բավական խստացվել է:

«Գործող օրենսգրքում տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկ է սահմանված, այս նոր նախագծով մինչև 5000-ապատիկ: Դրանից բացի, առանց փորձաքննության դրական եզրակացության պարագայում գործունեություն սահմանելու դեպքում Բնապահպանության և ընդրեքի տեսչական մարմինը կարող է կասեցնել տնտեսվարողների գործունեությունը»,-ասաց Գայանե Գաբրիելյանը:

Գործող օրենքում բացակայում է պատասխանատվությունը փորձաքննության պահանջների և պայմանների չկատարման համար: Նոր նախագծով նաև դրա համար է սահմանվել պատասխանատվություն:  Եթե տնտեսվարողը ցանկանում է գործունեությունն ընդլայնել կամ վերապրոֆիլավորել ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նորից ներկայացնել փորձաքննության, ապա պարտավոր է դա կատարել, հակառակ դեպքում օրենքով պատասխանատվություն է նախատեսված:

Ինչ վերաբերում է գործընթացների պարզեցումներին՝ ապա նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ բիզնեսը կամ պատասխանատու կառույցն իր նախագծի շուրջ կարող է հանրային լսումներ կատարել երկու անգամ, գործող 4-ի փոխարեն: Նախարարի տեղակալը նկատեց, որ եթե երկուսից ավելի հանրային լսումների անհրաժեշտություն կա, ապա օրենքը չի արգելում, դա կարող է արվել: Պարզապես հանրային լսումների նվազագույն պահանջը սահմանվել է 2:

Նախագիծն այժմ շրջանառվում է կառավարությունում: Նախատեսվում է, որ գործադիրն այն հավանության կարժանացնի մինչև սեպտեմբերի 1-ը: Ակնկալվում է, որ այս նոր նախագիծը կլինի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում:  

  • Կիսվել: