հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումների աշխատանքներում կիրառում է անօդաչու թռչող սարքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումների աշխատանքներում կիրառում է անօդաչու թռչող սարքեր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումների աշխատանքներում նոր գործիքակազմ է կիրառում, մասնավորապես՝ օրթոֆոտոհատակագծերի օգտագործում ու չափագրում, անօդաչու թռչող սարքերի կիրառում։ Հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ նոր գործիքակազմի կիրառումը նկատելի բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։

«Նոր գործիքակազմը դեռևս կիրառում ենք ընդերքօգտագործման ոլորտում, բայց նպատակ ունենք այդ ուղղությունը զարգացնել և օգտագործել անտառների վերահսկողության մեջ։ Ասեմ, որ նշածս մեթոդները բավական արդյունավետ են, բարձրանում է ձեռք բերված տվյալների օբյեկտիվության ու ապացուցողականության մակարդակը»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկին գործիքներով իքս տարածքը չափագրելու համար անհրաժեշտ էր լինում 3-7 աշխատանքային օր և մի քանի աշխատակից, ներկայում այդ աշխատանքը կատարվում է մեկ աշխատակցի միջոցով մի քանի ժամվա ընթացքում։ Ընդ որում, տեսչական մարմինն այդ սարքավորումները չափագիտության և ստուգաչափման ազգային մարմնի միջոցով գրանցել է որպես ստուգաչափված։ Այսինքն՝ դրանցով իրականացված չափագրումները հավաստի են և ճշգրիտ։

  • Կիսվել: