Բանկերի շահութաբերությունը չափազանց ցածր է. ԿԲ նախագահ
«Երբ խոսում ենք վարկային արձակուրդների մասին, ապա կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ կրել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, սա մի քիչ արկածախնդրության է նման, որովհետև չեն կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը։
«Եթե համակարգի կայունությունը խաթարեցինք, կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ սպառնալ։ Այդ առումով, կարծում եմ, որ բանկերը բավական խելամիտ աշխատել են համավարակի ընթացքում, մոտ 550 հազար ֆիզիկական անձի վարկեր վերնայվել են, տրվել են արձակուրդ, մոտ 17 հազար էլ իրավաբանական անձի հետ է նույն բանակցությունը տեղի ունեցել։ 1.3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային պարտավորություն է հետաձգվել, և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ։ Եթե այդ պրոցեսը լինի անընդհատ ու շարունակական, կարծում եմ, որ մենք այդտեղ խնդիր կունենանք»,- ասաց Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ այդ դեպքում բանկային համակարգը չի կարող դիմակայել այդ խնդիրներին։
Ինչ վերաբերում է դժգոհություններին, ԿԲ նախագահը նշեց, որ դժգոհողներին բաժանում է երկու խմբի։
Մի խումբը դժգոհում է, որ իրենց նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն, երբ ֆինանսական հատատությունում պայմանավորվածություն են ձեռք բերել վարկի տրամադրման վերաբերյալ, վարկը վերցրել են, իսկ հետո պարզել են, որ վարկի ներկայացված պայմանները չեն համապատասխանում իրականությանը։ Այս դեպքերը քիչ են և այդ մարդկանց խորհուրդ ենք տալիս նախ դիմել տվյալ ֆինանսական կազմակերպությանը, եթե չի ստացվում խնդիրը լուծել, ապա դիմեն ֆինանսական հաշտարարին, եթե այստեղից էլ դժգոհություն կա, ապա կարող են դիմել ԿԲ-ին»,- նշեց նա։
Դժգոհող քաղաքացիների մյուս խմբում, ըստ Մարտին Գալստյանի, այն մարդիկ են, որոնք գիտակցված բարձր տոկոսներով վարկեր են վերցրել, հետո չեն կարողացել դրանք մարել։
«Նման դեպքերում ԿԲ-ն ոչինչ չի կարող անել, քանի որ առկա է պայմանագիր իրավաբանական ու ֆիզիկական անձի միջև, իսկ ԿԲ-ն չի կարող խախտել այդ բալանսը։ Ո՞նց եք պատկերացնում, ԿԲ նախագահին զանգում է X բանկի ղեկավարին, ասում է՝ Պողոս Պողոսյանի վարկը կներե՞ս, քանի որ նրա եկամուտները նվազել են։ Եթե բանկը սկսեց հայեցողական մոտեցում ցուցաբերել, մենք հետո խնդիր ենք ունենալու ավանդների վերադարձի հետ։ Մենք էլ ենք տնտեսվարող ու դժվար կացության մեջ, բարեգործական հիմնադրամ չենք։ Մեր սեփականատերերի կապիտալով և ներգրավված միջոցներով գործունեություն ենք իրականացնում, սեփականատերերն էլ ակնկալում են խելամիտ շահույթի մակարդակ։ Էդ միֆն էլ կա, որ բանկերը չաղ, հարուստ, փող աշխատող կառույցներ են։ Բայց հետաքրքիր ֆենոմեն կա. եթե ճգնաժամերը ազդում են տնտեսության այս կամ այն ճյուղի վրա, ապա բանկերը միշտ ազդվում են բոլոր տիպի ճգնաժամերից»,- նշեց Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ բանկերի շահութաբերությունը Հայաստանում չափազանց ցածր է, այդ առումով չեն կարող վտանգել համակարգը։