երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս տարին կորակեի որպես տնտեսական հիասթափության տարի. քննարկում

Այս տարին կորակեի որպես տնտեսական հիասթափության տարի. քննարկում

Հայաստանում պահպանվում է մակրոտնտեսական կայունությունը՝ ներառյալ ֆինանսական կայունությունը, ինչը չափազանց կարևոր է։ Այս մասին այսօր «Տնտեսությունը 2019 թվականին. արդյունքներ և մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դրական է պարտքի կայունացման միտումը, տեսանելի են նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները։ Այս բոլորն, ըստ պատգամավորի,  անհրաժեշտ հիմքեր են ստեղծում տնտեսական խորը բարեփոխումներ իրականացնելու  և  դրական արդյունքներ արձանագրելու համար։

Արկադի Խաչատրյանը նշեց, որ տնտեսական հեղափոխության համար պետք է խորքային, կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացվեն։ Սակայն այստեղ է, ըստ նրա, իշխանությունը, կարծես թե, հապաղում է։

«Որպես լուրջ խնդիր, մենք մշտապես մատնանշում ենք ռազմավարական ծրագերի տեսլականների բացակայությունը»,- ընդգծեց նա։

ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ թեր այս տարի որոշ դրական բաներ եղել են՝ մասնավորապես հարկային վարչարարության բարելավում, ինչի շնորհիվ բյուջետային մուտքերի ավելացում է եղել, այդուհանդերձ, մնացած բնագավառներում արդյունքները գոհացուցիչ չեն։

«Ես այս տարին կորակեի որպես տնտեսական հիասթափության տարի, որովհետև տարվա սկզբին հայտարարվեց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, սակայն տարվա ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ, և տնտեսական հեղափոխություն որպես այդպիսի չենք տեսնում»,- ասաց նա։

 

  • Կիսվել: