կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս տարի գազի նոր սակագին չենք կարող ունենալ. ՀԾԿՀ նախագահ

Այս տարի գազի նոր սակագին չենք կարող ունենալ. ՀԾԿՀ նախագահ

 

Դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կունենանք: Համենայնդեպս, մենք բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար: Այս մասին «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն` անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը:

Նա հայտնեց, որ Գազի սակագնի փոփոխության հայտը ներկայացնելուց հետո Հանրային ծառայությունների կարգավարող հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր հայտը նայելու համար, դրանից 30 օր հետո նոր սակագինը ուժի մեջ է մտնում. «Եթե պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում: Քանի որ արդեն նոյեմբերն է մոտենում, այս տարի չենք կարող նոր գին ունենալ»:

Ավելի վաղ PrimeNews-ը, հղում անելով ռուսական էներգետիկ շրջանակներում իր բարձրաստիճան աղբյուրի վրա, հայտնել եր, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար այս ձմռանը չի թանկանա։ Հետագայում այս նորությունը հաստատեց նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ աղբյուրի, այս որոշման կայացման մեջ իր մեծ ներդրումն է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ներկայումս հանդիսանում է «Зарубежнефть» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Աղբյուրի հավաստմամբ՝ Կարապետյանը բանակցությունների ժամանակ օգտագործել է ռուսական քաղաքական և էնէրգետիկ շրջանակներում իր ունեցած կապերը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին օգնելու համար այս հարցում հասնել դրական արդյունքի։ Նշենք, որ ամիսներ շարունակ ՀՀ և Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների միջև գազի սակագնի շուրջ բանակցություններ են ընթանում։ Ըստ մամուլի, խոսքը գնում էր սակագնի ընդհուպ մինչև 30% բարձրացման մասին։ Հիշեցնենք, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանին վերանայվեց դեռ սույն թվականի հունվարի 1-ից՝ 1000 խմ-ի դիմաց $150 դառնալով $165։ Սակայն բնակչության համար սակագինը չփոխվեց։

  • Կիսվել: