հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այնտեղ որտեղ անհասկացողին պետք է ասենք՝ «չի կարելի», այդտեղ տուգանքը պետք է մեծ լինի. Հովիկ Աղազարյան

Այնտեղ որտեղ անհասկացողին պետք է ասենք՝ «չի կարելի», այդտեղ տուգանքը պետք է մեծ լինի. Հովիկ Աղազարյան

Որակյալ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար առաջարկվում է սահմանել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը նախատեսվում է տարեկան 200.000 դրամ: Այս մասին, այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների փաթեթի նախագծի քննարկման ժամանակ նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, օրենսդրական փաթեթով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջներ, մասնավորապես՝ տաքսիների վրա պետք է լինի շախմատաձև գծանշում և «Այրոտաքսի» գրառում:

Փոխնախարարը հայտնեց, որ 7 տարուց ավելի հնության մեքենաներով լիցենզիա ստանալու մրցույթին մասնակցել չի թուլատրվի. «Եթե առանց լիցենզիա օդանավակայանից ուղևորափոխադրումներ իրականացվեն, ապա վարորդները կտուգանվեն 50 հազար դրամով»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց տուգանքի չափն ավելացնել, որ բացառվի օդանավակայանից անհատ տաքսիների գործունեությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն առարկեց՝ նշելով, որ տնտեսվարողը տուգանքի առարկա չէ, իսկ օրենքը ընդունելուց պետք է հաշվի առնվի անհատ տաքսի վարողների շահերը:

Սրան ի պատասխան Հովիկ Աղազարյանն ասաց. «Մեր ընդդիմադիր գործընկերները շեշտադրում են անում, թե տուգանքը բյուջեն լցնելու լրացուցիչ գործիքակազմ է. ես դրա հետ կատեգորիկ համաձայն չեմ: Եվ որպեսզի որեւէ մեկի մոտ այդպիսի միտք չառաջանա, տուգանքները պետք է ավելի հստակ լինեն: Իհարկե, եթե տուգանքը քաղաքացու կամ տնտեսվարող սուբյետկտի նկատմամբ պայմանավորված է մի այնպիսի գործունեությամբ, որ կարող է պատահի ակամայից այդպիսի խախտում լինի, այդտեղ տուգանքները պետք է լինեն մեղմից սկսած, իսկ այնտեղ որտեղ տուգանքը նրա համար է, որ անհասկացողին ասեն՝ «չի կարելի», այդտեղ տուգանքը պետք է մեծ լինի, որ չարվի այդ բանը»:

  • Կիսվել: