երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այգի էինք հիմնում, պարզվեց՝ ավազի պարունակություն կա, դա հանք չէ. Բագրատյանը՝ կնոջ ապօրինի հանք շահագործելու մասին

Այգի էինք հիմնում, պարզվեց՝ ավազի պարունակություն կա, դա հանք չէ. Բագրատյանը՝ կնոջ ապօրինի հանք շահագործելու մասին

Փաստերն աղավաղված են, իրականում, դա հանքավայր չէ, ինչը ապացուցվում է համապատասխան փաստաթղթով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, պարզաբանելով երեկ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ իր կինն ավազի ապօրինի հանք է շահագործում:

«Երկրաբանական ֆոնդին ընկերությունը դիմել է եւ ֆոնդը պատասխանել է, որ այդ տարծքում հանք չկա: Հետեւաբար, չես կարող հանքի շահագործում իրականացնել մի տարածքում, որտեղ հաստատված պաշար չկա, հանք չկա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մարդիկ գնացել տեսել են հանքը, Բագրատյանը պատասխանեց. «Այն, ինչ տեսել են, ճիշտ են տեսել, բայց այդ ավազի շահագործման համար ընկերությունները դիմել է բոլոր պատկան մարմիններին, փորձաքննություն անցել է: Հանքի թույլտվություն չի կարող լինել, որովհետեւ դա հանք չի, ինքը հողի մեջ ավազի պարունակություն է: Երբ ընկերությունը դիմել է շրջակա միջավայրի նախարարությանը, նախարարությունը պատասխանել է, որ այդ գործունեությունը լիցեզավորման ենթակա չէ, եւ դուք կարող եք 2 մետր խորությամբ ձեր գործունեությունն իրականացնել: Երկու մետրից հետո կարող է ընդերքի խնդիր առաջանալ»,- ասաց պատգմավորը՝ հավելելով, որ ընկերությունն այդ տարածքը 10 տարի վարձակալությամբ է վերցրել, եւ սեփականատիրոջ թույլտվությամբ հողի մաքրման աշխատանք է անում, որը չի անցնում 1-1,5 մետրից:

Հարցին, թե արդյոք այստեղ չեն օգնել իր ունեցած կապերը, Բագրատյանը բացասական պատասխան տվեց. «Իմ կինը ձեւական խնդիր ունի, որովհետեւ ավագ որդիս ԱՄՆ-ում աշխատում է, իր բիզնեսն ընդլայնելու նպատակ ունի, եւ լիազորագիր է ուղարկել, որ այդ ընկերությունը գրանցվի: Այսինքն ավագ որդուս նախաձեռնությունն  է: Ամսվա վերջին կտեսնեք, որ բավական լուրջ ներդրումներ արել է եւ շարունակելու է անել: Այս դեպքում մեր նպատակը այգի հիմնելն է, բայց այգի հիմնելու համար հողի հարթեցման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ ավազային պարունակություն կա: Մենք ավազի պարունակությունը մաքրելու համար դիմել ենք տարածքային կառավարման նախարարություն»:

Պատգամավորի խոսքով՝ այդ ընկերությունը 15 մլն դրամից ավելի հարկ է վճարել: Նա նաեւ ցույց տվեց մի փաստաթուղթ, ըստ րի երեք ամիս աշխատող ընկերությանը հարկային մարմինները տուգանել են. «Ինչպե՞ս կարող էին չհետեւել, եթե նաեւ տուգանել են: Հետեւաբար, իմ գործոնը դեր չի  խաղացել: Միգուցե վատ արդյունք է տվել, որովհետեւ, եթե իմ հետ կապված չլիներ, միգուցե այդքան ուշադրության կենտրոնում չլիներ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Հետքը»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։  Հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ 

  • Կիսվել: