Ավինյանը խոսել է ԵԱՏՄ-ից ստացած չորս մեքենաների մասին. ինքը դրանցից որևէ մեկը չի օգտագործում
«Կառավարության որոշման համաձայն՝ չորս ավտոմեքենաներից երկուսից մեկը պետգույքի բալանսին է, և չի շահագործվում, մեկը տրամադրվել է ՏՄՊՊՀ-ին՝ ավտոպարկը թարմացնելու նպատակով, երկուսը մնացել են Սննդի անվտանգության տեսչական մարմնում»,-այս մասին այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա հերքեց այն լուրերը, թե Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն հանձնված չորս ավտոմեքենաներից մեկը շահագործվում է իր կողմից:
«Դրանք բավական թարմ ավտոմեքենաներ են, կարող էին ավտոպարկը թարմացնել, բայց Սննդի անվտանգության տեսչական մարմնում չորս նմանատիպ ավտոմեքենա պահելու նպատակահարմարություն չկար: Ենթադրաբար, ավտոմեքենաներից մի քանիսը չեն էլ շահագործվելու: Ցանկանում եմ նաև նշել, որ ավտոպարկն այս կառավարության օրոք կտրուկ կրճատվել է, և մոտ 150 ավտոմեքենա է կրճատվել, դրա հետ կապված մոտ 20 մլրդ դրամի տնտեսում ունենք»,-նշեց Ավինյանը:
Նշենք, որ ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել այն մասին, որ ԵԱՏՄ-ից Հայաստանին որպես նվիրատվություն հանձնված Տոյոտա մակնիշի չորս ավտոմեքենաներից մեկն անթույլատրելիորեն օգտագործում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: