երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն Հայաստանի աճը. ՀԲ նոր զեկույցը

Ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն Հայաստանի աճը. ՀԲ նոր զեկույցը

Ըստ Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր ուսումնասիրության ՝ ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում:

ՀԲ-ից հայտնում են, որ այս զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն  է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետությունը և օպտիմալությունը:

2023 թ. հրապարակված առաջին հրատարակությունը վերլուծել է Հայաստանի կապիտալ ներդրումների արդյունավետությունը և սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտին կատարվող հատկացումները: Երկրորդ հրատարակությունը վերաբերում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությանն ու արդարացիությանը և օպտիմալացմանը: Զեկույցում ներկայացվում են քաղաքականության վերաբերյալ առաջարկներ և Հայաստանի պետական ֆինանսների օպտիմալացման ճանապարհային քարտեզ:

Հայաստանի հարկային համակարգի բարելավում. արդյունավորության, արդյունավետության և արդարացիության ընդլայնում

Թեև Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրումը, և հարկ-ՀՆԱ գործակիցը 2021-2023թթ. միջինում հասել է ՀՆԱ-ի միջինում 24%-ը, այն դեռևս չի հասնում  Կառավարության ծրագրում (2021-2026) նշված 25% թիրախին:

Այս թիրախին հասնելու համար, միաժամանակ անդրադառնալով հարկային համակարգի անարդյունավետությանը և արդարությանը, զեկույցում առաջարկվում է ընդլայնել ընդհանուր հարկային ռեժիմը, որպեսզի ավելի մեծ թվով բիզնեսներ համանման կերպով հարկվեն։ Ուսումնասիրությամբ առաջարկվում է նեղացնել շրջանառության հարկի ռեժիմի ծածկույթը և թույլ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ կամ հատուկ հարկեր ստանալ: Խորհուրդ է տրվում արդիականացնել միջազգային հարկային կանոնները՝ դրանք լիովին կիրառելի դարձնելով թվային տնտեսության համար:

Զեկույցում նաև առաջարկվում է նախատեսել հարկային նվազեցումներ և այլ միջոցներ ցածր եկամուտ ունեցողների համար, ովքեր բարձր ծախսեր են կրում իրենց եկամուտների մասով: Զեկույցը հավելում է, որ թեև Հայաստանում ներդրված են բնապահպանական հարկեր և վառելիքի ակցիզային հարկեր, դրանք տարածաշրջանային չափանիշներից ցածր են և միայն մասամբ են արտացոլում առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը և բավարար խթաններ չեն ապահովում դեպի ավելի կանաչ և կայուն աճի մոդելի անցման համար: Ցածր ածխածնային տնտեսություն դառնալու իր նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ածխածնի հստակ (ուղղակի) գին սահմանել՝ վերին օղակում հարկի միջոցով (օրինակ` գանձելով դա Հայաստան բնական գազ և նավթամթերք ներկրողների համար) և բարձրացնել հանածո վառելիքի գործող ակցիզային հարկը, ասվում է զեկույցում։

«Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը գովելի առաջընթաց է գրանցել երկրի հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու հարցում, որը հնարավորություն է ապահովում ծախսային հատկացումների ավելացման համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: «Հայաստանի հարկային ռեժիմը կարող է նպաստել գրանցված աշխատատեղերի ստեղծմանը` նվազեցնելով հարկային բեռը ցածր եկամուտ ունեցողների համար: Մեր զեկույցում նաև դիտարկվում է կրթության ոլորտը և առաջարկներ են ներկայացվում ներդրված նույն գումարի դիմաց ավելի լավ կրթական վերջնարդյունքների հասնելու ուղղությամբ»:

Հայաստանի կրթության ոլորտին հատկացվող ծախսերի արդյունավետության բարելավում

Զեկույցում նաև ընդգծվում է, որ չնայած հանրակրթության ոլորտում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և ընդհանուր բարելավումներին` Հայաստանը դեռևս մարտահրավերների է առերեսվում ուսման որակի, նախադպրոցական և բարձրագույն կրթության հասանելիության, ինչպես նաև ֆինանսավորման անարդյունավետության ու որակի առումներով:

2022 թ․ Հայաստանի աղքատ բնակչության շրջանում դպրոցահասակ երեխաների ընդամենը 43.4%-ն է հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն և ընդամենը 17.2%-ն է ունեցել բարձրագույն կրթության հասանելիություն: Ավելին, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդհանուր ընդգրկվածության ցուցանիշը մնում է ցածր` 53%, ի տարբերություն համադրելի երկրների միջին 60% ցուցանիշի:

Սովորողները ետ են մնում նաև իրենց ուսանածի առումով։ Թեև սովորողները մոտավորապես 11.3 տարի են անցկացնում դպրոցում, նրանք ավարտում են ընդամենը 8 տարվա օպտիմալ ուսուցմանը համարժեք գիտելիքով:

Մյուս կարևոր մարտահրավերներից են որակյալ նախադպրոցական կրթության սահմանափակ հասանելիությունը, ոչ բավարար միջին մասնագիտական կրթությունը և տնտեսության նորահայտ ճյուղերում պահանջվող արդի հմտությունների պակասը:

Ըստ զեկույցի, Հայաստանը կարող է նշանակալի բարելավումներ կատարել`

ընդլայնելով նախադպրոցական կրթության ծածկույթը,

բարելավելով դասավանդման որակը,

օպտիմալացնելով դպրոցների մեծությունը,

ներդրում կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում, և

ավելացնելով հասցեական ֆինանսական օգնությունը ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթության համար:

Բացի այդ, ուսումնական հաստատությունների կառավարման օպտիմալացումը և դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը` շեշտադրելով ուսումնառության վերջնարդյունքները, չափազանց կարևոր է Հայաստանի ապագա աշխատուժի զարգացման համար:

Զեկույցը պատրաստվել է Համաշխարհային բանկի` ՀՀ կառավարության հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում` ի աջակցություն կրթության ոլորտում երկրի  զարգացման նպատակների։ Այն միտված է ապահովելու, որպեսզի կրթության համակարգը սովորողներին տրամադրի այն հմտությունները, որոնք նրանց անհրաժեշտ են արագ փոփոխվող տնտեսությունում կայանալու համար:

  • Կիսվել: